lragir.am. Հայաստանում, երեւում է, տնտեսական հարցերով բանավեճ է ծավալվել, որն անշուշտ ունի վճռական, «ճակատագրական» նշանակություն, հատկապես երկրի վասալացման շրջադարձային պահին: Լավ կլիներ «տուզիկ» մականունով հայտնի կոնֆերանսի հեռուստատեսային ստուդիայում հավաքել ներկայում ողջ հայ վարչապետներին եւ առաջարկել բանավիճել, ժամը 24-ից հետո: Սակայն պետք է հասկանալ՝ այն ամենը, ինչը կապված է Հայաստանի տնտեսական խնդիրներին, պարզապես կատակերգական սերիալ է: Ավելի լավ է խորհել կոսմոպոլիտ թեմաներով: Ի վերջո, Հայրենիքի վասալացումը ամենասարսափելի բանը չէ՝ վերապրեցինք ՀՀՇ-ն, կվերապրենք նաեւ վասալացումը:
Փորձելով վերջապես մշակել համաշխարհային ճգնաժամի տեսությունը, տեսաբան-մեկնաբանները հայտնաբերել են, որ Պուտինի թիմի պահվածքում կարելի է գտնել որոշ տրամաբանություն՝ կապված պրո-ռուսական շուկայի ընդլայնման հայեցակարգի հետ, այն Արեւմուտքին, իսկ ավելի ճիշտ ֆինանսական խմբերին Մոսկվայի լոյալությունը ճանաչելու դիմաց ավելի թանկ վաճառելու նպատակով:
Ենթադրենք, դրանում կա տրամաբանություն, եւ ոչ միայն տեսականորեն: Սակայն Պուտինի ինչի՞ն է պետք «լոյալության», այսինքն՝ ըստ էության լեգիտիմության ճանաչումը: Կամ այլ կերպ՝ ինչի՞ն է պետք լոյալությունը փոխել լեգիտիմությամբ: Մեր ժամանակներում լեգիտիմությունը բավական վիրտուալ բան է եւ հենց այդ պատճառով շատ թանկ արժե: Խաղի նորմավորված կանոններով առաջնորդվելը, որոնք գլխավորապես գեներացնում են Եվրոպայում, բավական դժվար եւ գործնականում անհնար է:
Ընդ որում, խնդիրն ամենեւին Ռուսաստանի ու նույնիսկ իշխող ռեժիմի մեջ չէ, այլ անձամբ Պուտինի, որը պարզապես դուրս է մնացել «բարձրաշխարհիկ» քաղաքական գործիչների թվից: Կարելի է ուշադրություն դարձնել «լեգալ հարկադրման» վարկածին, այսինքն երբ Պուտինին հարկադրում են չափազանց մտահոգվածության եւ խիստ ծախսային խնդրին՝ Պուտինի իմիջի պահպանմանը: Ընդ որում, երեւում է խոսքը ոչ թե ռեժիմի կամ թիմի, այլ հենց Պուտինի մասին է:
Մոսկվայում գտնում են, որ միջազգային համակարգված շրջափակման իրավիճակից Ռուսաստանի դուր գալը հնարավոր է միայն քաղաքական պատկառելի գործիչների ակումբ Պուտինին վերադարձնելու միջոցով: Ընդ որում, առկա է բավական տարօրինակ ու անհասկանալի հապավում, որը հիշեցնում է առաջատար տեղեկատվական գործակալություններից մեկի անունը, իսկ իրականում՝ այդ պատկառելի ակումբի անունը, որտեղից չեն վտարում, սակայն անտեսում են, եթե դա պետք է: Սակայն այս անգամ ոչ Սիրիայում Իսրայելին ծառայություններ մատուցելը, ոչ Ուկրաինայի հետ խաղերը չեն կարող դառնալ ապացույց, որ Պուտինը «յուրային» է, այն բանից հետո, երբ նա այդ կարգավիճակից մեկ քայլ էր հեռու:
Ներկայում պահանջվում է շատ լուրջ խաղ խաղալ համաշխարհային ֆինանսական ոլորտում: Տարբերակները քիչ չեն, առավել եւս որ փող առայժմ կա:Եւ խնդիրն ամենեւին այդ խաղի մասով առաջարկներ անելու մոտեցումների ու հնարքների ընտրությունը չէ: Խնդիրն այն է, թե արդյոք դա տեղի կունենա ֆինանսական խմբերի շահերին համապատասխան, եւ ինչպես են այդ շահերը համատեղվում ԱՄՆ ներկայիս վարչակազմի դիրքորոշման եւ քաղաքականության հետ:
Մոսկվան շրջափակումից ու մեկուսացումից զգուշանում է որպես մեծագույն աղետ եւ զգում է, որ նման որոշում կայացված է: Հնարավոր է՝ այդ զգացողությունն ավելի առարկայական է, քան կոնկրետ տեղեկատվությունը: Սակայն, ինչո՞ւ է շրջափակումն այդքան սարսափելի: Չէ որ շրջափակումն ամենեւին չի նշանակում ագրեսիա կամ էքսպանսիա, ընդհակառակը՝ դա կայսերական սահմաններ, այսինքն՝ ազդեցության գոտի սահմանելու ձեւ է: Հենց իր իրավունքների հաստատմանն է ձգտում Մոսկվան:
Սակայն «կայսրության» հաշվով այս ողջ հիմարությունն ու քարոզչական աղմուկն ավելին չէ, քան իմիջի ձեւավորման մեթոդ, իսկ իրականում Պուտինի թիմին հետաքրքրում են առավել մերկանտիլ խնդիրներ՝ նավթի ու գազի գների, գազային հաղորդակցությունների շուրջ հնարավոր պայմանավորվածությունները, ռուսական շուկայի կլաստերների փոխանակումը համաշխարհային արժութային քաղաքականությանը մասնակցելու դիմաց, ՆԱՏՕ-ի էքսպանսիայի հարցում քիչ թե շատ երկարաժամկետ պայմանավորվածությունը՝ հարավային տարածաշրջաններում արեւմտյան շահերի անվտանգության եւ Մերձավոր Արեւելքում ինքնամեկուսացման Ռուսաստանի պատրաստակամության դիմաց:
Սակայն այս ամենն արդեն չի հուզում ու չի հետաքրքրում ոչ ամերիկացիներին, ոչ էլ եվրոպացիներին: Արեւմուտքն այնքան է զբաղված սեփական խնդիրներով, որ դա Ռուսաստանին հարվածել է ամենաանսպասելի ձեւով: Այսինքն, պարզվել է, որ տարածաշրջանային քաղաքականության ոլորտում ԱՄՆ եւ Եվրոպական միության ինքնասահմանափակումը հանգեցրել է Ռուսաստանի շահերի անտեսմանը: Ռուսաստանն Արեւմուտքին պետք է ոչ թե որպես գործընկեր, այլ որպես իր նվազագույն սահմաններում փակված, էքսպանսիայի փորձ չկատարող երկիր:
Ռուսաստանի էքսպանսիային Արեւմուտքը նայում է բավական հոռետեսությամբ, նույնիսկ Մերձավոր Արեւելքում ու Արեւելյան Եվրոպայում Ռուսաստանի ակտիվության ֆոնին: Համարվում է, որ Ռուսաստանը դրա համար չունի անհրաժեշտ պոտենցիալ: Ռուսաստանի մերձակա տարածությունը դիտարկվում է որպես տնտեսական ու քաղաքական ահռելի ճահիճ, որտեղ նա պետք է խրվի ու ցուցադրի իր կայսերական հնարավորությունները:
Ինչ վերաբերվում է Կենտրոնական Ասիային, այստեղ սպասվում է ավելին, այսինքն՝ Ռուսաստանի ներքաշումը «հավերժական» հակամարտության մեջ, ինչն Արեւմուտքի համար պարզապես «էլդորադո» կդառնար: Ռուսաստանը պետք է խորտակվի իր «գործընկեր-վասալների» հետ, որոնք փորձում են կառչել դատապարտված նավի փրկօղակից: Առեղծվածն այն է, որ Ռուսաստանը զգուշանում է Արեւմուտքի այս ծրագրերից, սակայն ավելի ու ավելի է ներքաշվում դրանց մեջ: Հրաժարվում են նույնիսկ նրա ծառայություններից:
Այսպիսով, Ռուսաստանը փորձելով դուրս պրծնել շրջափակումից, ինքն է իրեն դատապարտում մեկուսացման: Սակայն ի՞նչ կարելի է սպասել մեկուսացված երկրից, որն անկման ու դիրքերի կորստի մեջ է: Շուկայի ի՞նչ զարգացում կամ անվտանգության երաշխիքներ սպասել նման երկրից: Արդյոք Հայաստանի իշխող թիմը հասկանում է այս հեռանկարը:
Դրանում կասկած չկա, քանի որ հենց այդ մարդիկ են տիրապետում Ռուսաստանի կողմից խոստումների ու սպասումների վերաբերյալ առավել հավաստի տեղեկատվության: Եւ այնուամենայնիվ, գնացին այդ հիմարությանը: Ինչո՞ւ: Ըստ ամենայնի, հույս ունեն գոյատեւել կարճաժամկետ հեռանկարում: Ընդ որում, որեւէ զարգացման կամ էական ներդրումների մասին խոսք չի կարող լինել: Այսինքն, կշարունակվի տնտեսական նախկին քաղաքականությունը, որը ձգվում է երկու տասնամյակ՝ պսեւդոզարգացում լուրջ ներդրումների բացակայության պայմաններում:
Բայց այս իրավիճակում իշխող ռեժիմի համար գոյատեւելու հույս է առաջանում, ինչը հաստատվում է դրսից որոշ նշաններով: Իշխանության հավակնորդները նույնպես հասկացել են, որ նրանց ոչ ոք իշխանությունն ափսեի վրա չի մատուցի, եւ հակառակ սպասումների՝ այդպիսի մեխանիկա չի առաջացել: Այդ պատճառով պետք է սկսել պայքար իշխանության համար, ինչն էլ տեղի է ունենում: Սկսվում է «տնտեսական լիկբեզ» ժողովրդի համար՝ հայկական պատմության «պատմական դեմքերի» մասնակցությամբ: «Տուզիկներն» արդեն շատ գործ ունեն անելու, կա լրացուցիչ եկամտի հույս: Եկել է ժամանակը, երբ ամեն մի «տուզիկ» պետք է անկեղծորեն հայտարարի, որ նա «տուզիկ» է: «Տուզիկը» «տուզիկին» պետք է իմանա ու ճանաչի հեռվից, եւ նրանք իրար պետք է կոչեն ոչ այլ կերպ, քան «տուզիկ ջան»:
Մանրամասները` lragir.am — ում: