ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ընթացող Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ, պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նշեց. «Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջան պետության կազմում: Ղարաբաղը դրվել է, մտցվել է Ադրբեջանի կազմի մեջ միայն Խորհրդային Միության ձևավորման գործընթացում: Եվ երբ մենք խոսում ենք տարածքային ամոբղջականության մասին, պետք է որոշենք, թե որ երկրի տարածքային ամբողջականության մասին ենք մենք խոսում: Իմ հարցն այն է, որ եթե Ադրբեջանը հարգում էր Խորհրդային Միության տարածքային ամբողջականությունը, դառնալով անկախ պետություն, ինչպես էր հարգում այդ տարածքային ամբողջականությունը, եթե Ադրբեջանը դուրս եկավ Խորհրդային Միությունից նույն կերպ, ինչ Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Խորհրդային Միությունից: Դուք կարող եք ասել, թե ես հիմա խոսում եմ մի պետության մասին, որը գոյություն չունի, այսինքն՝ Խորհրդային Միության, բայց Խորհրդային այն Հանրապետությունը, որի կազմի մեջ էր Լեռնային Ղարաբաղը նույնպես գոյություն չունի, գոյություն չունի Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, և դա ճշմարտությունն է: Եվ ինչպես Ադրբեջանն անկախություն ձեռք բերեց Խորհրդային Միությունից, նույն կերպ Ղարաբաղը ձեռք բերեց անկախություն` և Խորհրդային Միությունից, և Խորհրդային Ադրբեջանից»: