Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում վերջերս ընթացող «արմատական բարեփոխումների» շրջանակում, հեռուստաընկերությունն իր վրա է վերցրել նաև արդի երիտասարդության դաստիարակության գործառույթըˋ սոցիալական գովազդ-տեսահոլովակների միջոցով: Ի սկզբանե, ցանկացած հեռուստաընկերության քաղաքականության մեջ վերոհիշյալ գործառույթը ցանկալի է, որպեսզի գերակայող լինի, սակայն հանրայինի պարագայում մենք ականտես ենք էժանագին շոուի, որի կրթադաստիարակչական նշանակությունը խիստ կասկածելի է: Խոսքը վերաբերում է օրերս Նարեկ Դուրյանի կատարմամբ «Մի րոպե բան ասեմ» հոլովակներին: Չանդրադառնալով դերասանի գործնեության ոլորտին և խուսափելով ցանկացած գնահատականից, ընդամենը նշենք, որ հիշյալ տեսահոլովակները հիշեցնում են քաղքենիական ցածրորակ հումոր, որն այսպես ասած, նպատակ ունի իրականացնել մատաղ սերնդի դաստիարակության և արժեքների սերմանման գործառույթ:
Այս տեսահոլովակներին բոլորովին էլ չէինք անդրադառնա, եթե հարցը վերաբերվեր որևէ այլ հեռուստաընկերության: Գաղտնիք չէ, որ հայաստանյան հեռուստաեթերը գտնվում է աննախանձ վիճակում, և մեկ անորակ տեսահոլովակ ավել կամ պակասը բան չէր փոխելու: Սակայն հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է պետբյուջեից և, բնականաբար, հարկատուների հաշվին, ուստի նրա եթերն էլ առավելագույնս պետք է ծառայեր նույն այդ հարկատուների սոցիալական, ինտելեկտուալ և հոգևոր պահանջմունքները բավարարելուն: Այս ֆորմատի մեջ ոչ մի կերպ չի կարող տեղավորվել հանրայինի եթերից հնչող ցածրորակ երգիծանքը: Նկատի ունենալով ցանկացած ստեղծագործող անհատի ազատությունը՝ իր դրսևորման ձևի և բովանդակության առումով, պետք է շեշտել, որ այդ ազատությունը կիրառելի է առավել փոքր լսարանի համար, քան հեռուստատեսությունն է, երբ ցանկացած ոք իր ընտրությամբ կգնա կամ չի գնա դիտելու Նարեկ Դուրյանի կամ այլ մեկի որևէ բեմականացումը: Իսկ այս պարագայում ստացվում է այնպես, որ հանրային հեռուստաընկերության ղեկավարության ճաշակը պարտադրվում է այդ հեռուստաընկերության ամբողջ լսարանին: Սա անթույլատրելի է ցանկացած հեռուստաընկերության և առավել ևս Հանրային հեռուստաընկերության պարագայում: