Շինարարության հաշվին ուռճացված տնտեսական աճի, «Գույք պարտքի դիմաց» «մեռելածին» ծրագրի համար երկրորդ նախագահին միշտ են քննադատել: Բայց մի բան է, երբ մամուլը կամ «մոսկա-ընդդիմադիրներն» են քննադատում, այլ բան` երբ սեփական թիմակիցներն են, մոռանալով պատասխանատվության իրենց բաժինը, դանակը մեջքից խրում: Այ, սա է, որ Քոչարյանը կուլ չի տալիս: Երեկ նա պատասխանել է միաժամանակ երկու նախարարների, երկու Արմենների ՝ Մովսիսյանի եւ Աշոտյանի: Վերջինս կառավարությունում կասկածի տակ էր դրել Քոչարյանի համակրանքն Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ, ասելով. «Հետաքրքիր է, թե երբ է Ռ. Քոչարյանը վերջին անգամ այցելել պանթեոն»: «Պետական գործչի հիշատակի մասին քաղաքական գործիչների հոգածությունը պետք է առաջին հերթին դրսեւորվի ոչ թե այցելություններով նրա շիրիմին, այլ իր քաղաքական ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքով»,- շշպռում է Քոչարյանն Աշոտյանին: Իսկ էներգետիկայի նախարարին ուղղակի ծաղրի է ենթարկում. «Տպավորություն կա, որ Մովսիսյանը չի կարդացել… «Գազպրոմի» հետ վերջին համաձայնագիրը: Իսկ եթե կարդացել է, ապա ոչինչ չի հասկացել», «նա լրջորեն խճճվել է»,- գրում է Քոչարյանը Մովսիսյանի մասին, որը tert.am-ին տված հարցազրույցում, ի թիվս այլ դատողությունների, պնդում էր, թե «ՀայՌուսգազարդի» հայկական 20 տոկոսանոց փայաբաժնի բուն վաճառքը շահեկանորեն տարբերվում է Քոչարյանի օրոք իրականացված «Գույք պարտքի դիմաց» ծրագրից նրանով, որ «գոյացած պարտքի կեսն իր վրա վերցրեց ռուսական կողմը», որ երկարատեւ ժամանակահատվածի համար գազի գինը կանխատեսելի է լինում, որ այս գործարքը «լուրջ» է եւ չի թողնելու իր հետեւից «մահացած հսկա ձեռնարկություններ»: Երեկ Քոչարյանի գրասենյակը հիշեցրեց. ««Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի բանակցությունները վարվում էին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, որի համանախագահներն այն տարիներին Սերժ Սարգսյանը եւ Իլյա Կլեբանովն էին… Ինքը՝ Արմեն Մովսիսյանը, որպես էներգետիկայի նախարար, գործընթացի առանցքային մասնակից է եղել էներգետիկ ակտիվների մասով»: Դեռ ոչ ոք այսչափ կտրուկ չի քննադատել Մովսիսյանին, ինչպես նրա երբեմնի շեֆը: Քոչարյանը գրում է, որ 2006 թվականի համաձայնագրի հիմնական շարժառիթն Իրան-Հայաստան գազամուղի կառուցման նախագծին «Գազպրոմի» ներգրավումն էր՝ 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտմամբ: «Այդպիսով «Գազպրոմը» ներառվում էր իրանական գազով էլեկտրաէներգիայի արտադրության եւ հետագայում դրա Իրան արտահանման սխեմայի մեջ: Այդ սխեման լիարժեք դեռ չի շահագործվել էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ուշացման պատճառով: Այն, ինչով պարտավոր էր զբաղվել էներգետիկայի նախարարը»: 5-րդ էներգաբլոկի վաճառքը Քոչարյանը համարում է հաջողված եւ թափանցիկ գործարք, քանի որ, գրեթե ոչինչ չծախսելով, ՀՀ-ն ստացավ ժամանակակից էներգաբլոկ, հայ-իրանական գազամուղ, գազի գնի սուբսիդավորման ոչ բյուջետային միջոցներ: «Այն ժամանակվա եւ ներկայիս սուբսիդիաների տարբերությունն այն է, որ այն ժամանակ սուբսիդիան կատարվում էր արդեն համաձայնագրի կնքումից հետո, այսինքն՝ օրինական հիմքի վրա: Հիմա՝ հետին թվով, ի հաշիվ գազի դիմաց կուտակված փաստացի պարտքի: Հուսով ենք՝ նախարարն այս տարբերությունը հասկանում է»,- ասվում է Քոչարյանի գրասենյակի պատասխանում: Ինչ խոսք, թիմակիցների հետ բանավեճը հրաշալի PR հնարավորություն տվեց Քոչարյանին՝ ընդգծելու իր տարիների «պլյուսները», թեեւ նրա հիշատակած 5-րդ էներգաբլոկի եւ բաշխիչ ցանցերի վաճառքը, «ՀայՌուսգազարդի» գործունեությունը բազմիցս կոշտ քննադատվել են: Մյուս կողմից պետք է ընդունել, որ երկրորդ նախագահը, իր անձի եւ կառավարման տարիների բոլոր թերություններով հանդերձ, շահեկան է երեւում երիտ հանրապետականների ֆոնին: Իր գրասենյակի միջոցով ինքն իր մասին հայտնում է, որ կարող էր լուռ մնալ, քանի որ տնտեսության պատասխանատուն կառավարությունն է, սակայն «նա պաշտպանեց այդ ձեռքբերումները ոչ միայն եւ ոչ այնքան իր համար, այլ նաեւ այն թիմի համար, որը… կերտել է այդ ձեռքբերումները»:
Ռոբերտ Քոչարյանը Մարտի մեկից հետո այնքան չէր խոսել, որքան վերջին երկու շաբաթում: Նրա հարցազրույցները նման են սերիալի եւ կտրուկ ավելացրել են ոչ միայն պատգամավորների, լրագրողների, կառավարության զբաղվածությունը, լակմուսի թղթի պես զատել իրարից ընդդիմադիր ուժերին, հիշեցնելով, թե ով ում թիմից է եղել: Զարմանալի չէ, որ ՀՅԴ եւ ԲՀԿ ներկայացուցիչները, որոնց մերձեցումը ժառանգականների եւ ՀԱԿ-ի հետ գրեթե նշմարվել էր, սկսեցին պաշտպանել Քոչարյանի տեսակետները: «Բոլոր նրանց, ովքեր շինարարության ոլորտը որպես տնտեսության առաջատար ճյուղ քննադատում են, խնդրում եմ հաշվի առնեն հենց այս հանգամանքը, որ շինարարությունը չի կարող Հայաստանում առաջատար ճյուղ չլինել, այլ բան, որ այն չի կարող միակը լինել եւ այնքան կտրվել ուրիշ ճյուղերից, որ դառնա ըստ էության միակ հենասյունը ողջ տնտեսության համար»,- պաշտպանեց երկրորդին ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իսկ ՀԱԿ-ը, ի դեմս Վլադիմիր Կարապետյանի, շտապեց հիշեցնել, որ կա Մարտի մեկ, եւ որ իրենց դիրքորոշումը Քոչարյանի նկատմամբ չի փոխվելու:
Մանրամասնները «Հրապարակ« օրաթերթի այսօրվա համարում