Երեկ «հրաշալի քառյակից» ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու հերթը ՀԱԿ-ինն էր: Պատվիրակության կազմում էին Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ՀԱԿ վարչության անդամ Ավետիս Ավագյանը: Ստեփան Դեմիրճյանի եւ Լյուդմիլա Սարգսյանի չընդգրկվելը բացատրվում էր նրանց՝ այլ կուսակցության պատկանելու հանգամանքով: Գագիկ Ջհանգիրյանի բացակայության մասով բացատրություն չկար: Երեկ ՀԱԿ շրջանակում խոսում էին, որ ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպումն ավելի շատ վերաբերելու է առաջիկայում նրա եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը, որը համագործակցության այլ տեմպեր կհաղորդի քառյակին: Հանդիպումը թույլատրել են լուսաբանել միայն սեփական լրատվամիջոցներին: Մյուս լրատվամիջոցների համար մուտքն արգելված է եղել, ինչպես անում է իշխանությունը: Ըստ նրանց լրատվամիջոցների, ոչ իշխանական քառյակի առաջնորդը՝ Ծառուկյանը, սկզբում նեղսրտել է, թե «այսօրվա հանդիպումը որոշ մարդկանց մոտ առողջական խնդիրներ է առաջացրել», այնուհետեւ վերստին ընդգծել իր նախկին հայտարարությունը, որ անհրաժեշտ է հասարակության եւ քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա՝ երկրում առկա խնդիրները լուծելու համար: «Ոչ մի մարդ եւ ոչ մի կուսակցություն միայնակ խնդրի լուծման չի կարող հասնել, եւ ես ասել եմ եւ էլի եմ կրկնում, որ ոչ մի պաշտոնի չեմ ձգտում, այլ, իմանալով ժողովրդի ձգտումները, խնդիրները, ցանկանում ենք միասնական ուժերով իրավիճակ փոխել, ամենակարեւորը չորս քաղաքական ուժերի համագործակցությունն է՝ փոխադարձ համաձայնության եւ հարգանքի մթնոլորտում, եթե նույնիսկ կան հարցեր, որոնք տարաձայնություն են առաջացնում, դրանք պետք է լուծվեն ավելի լայն քննարկումների միջոցով»,-հայտարարել է ԲՀԿ առաջնորդը: Իսկ Լեւոն Զուրաբյանը հանդիպումից հետո լրագրողներին ներկայացրել է հանդիպման բովանդակության իր վերսիան. «Հանդիպման ժամանակ քննարկվել են պետության խնդիրներին վերաբերող հարցեր, մասնավորապես այն, որ երկիրը գտնվում է ծանր վիճակում, եւ այդ վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է Սերժ Սարգսյանի` ղեկավարությունից հեռացում ու դեմոկրատական լեգիտիմ իշխանության ընտրություն»: Սերժ Սարգսյանի հեռացման մասին քննարկումների մասով մանրամասներ չհրապարակվեցին: Ինչ-որ ընդհանուր ձեւակերպումներ փոխանցվեցին: Ծառուկյանի նոր ստրատեգիան որոշ ՀՀԿ-ականներ վերագրում են Քոչարյանի քաղաքական օրակարգին, մյուսներն էլ զգուշանում են կարծիք հայտնելուց: Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից՝ 1999 թվականից մինչ օրս ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Թունել) զգուշանում է նրանց ստրատեգիան քննարկել: Իրեն չեն հրավիրել, չի մասնակցում քննարկումներին, ուստի չի կարող ասել՝ ում հետ է կապված: «Ես չգիտեմ, թե ում հետ է կապված, ես նման ենթադրություններ չեմ կարող անել: Ես ուղիղ կարող եմ ասել. եթե մարդիկ համաձայնում են, քննարկում են հարցեր, որպես կուսակցություն՝ յուրաքանչյուրն անում է իր քաղաքական շահերից ելնելով: Ոնց որ Դուք հիմա ինձ հարց տաք, ասեք՝ Ցիցերոն մոլորակի վրա հիմա մարդ կա՞, թե՞ չէ, պարոն Հակոբյան: Թող հանդիպեն ու քննարկեն, Տեր-Պետրոսյանը մեր առաջին նախագահն է, կարող են հանդիպել ու քննարկել, թող անվստահություն հայտնեն, ի՞նչ խնդիր կա, հո մենք չե՞նք կարող իրանց կուսակցական խնդիրներով զբաղվել, իրանք պիտի զբաղվեն: Ես չգիտեմ, թե նրանք իրապես ինչով են զբաղվում, իհարկե, թող օպոզիցիան կուռ լինի»: Նշենք, որ «կանյաչնիի» հաջորդ հյուրը «Ժառանգության» պատվիրակությունն է՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը