տուն Լուրեր «Հրապարակ». Ինչպես չվճարել գազի վարձավճարը

«Հրապարակ». Ինչպես չվճարել գազի վարձավճարը

140
0

Հրապարակ

Ֆեյսբուքը վերջին շրջանում ողողված է գազի թանկացման վերաբերյալ ստատուսներով։  Քաղաքացիներից շատերն իրենց էջում նշում են, թե իրենց ծախսած գազի դիմաց ինչ աստղաբաշխական թվեր են եկել։ Վերջիններս նաեւ ծրագրեր են մշակում, թե ինչպես գազի վարձավճարները չմուծեն եւ հասնեն արդյունքի, որպեսզի այն էժանանա։  Ֆեյսբուքյան օգտատերերից Արսեն Գեւորգյանն առաջարկում է. «Շատերիս «կախեց», երբ կոմունալ վարձերի հաշիվը վճարելու ժամանակ գազի վարձի հերթը եկավ: Դե հիմա էս են մեր իշխանությունները, ի՞նչ կարող ենք անել: Առաջարկում եմ հավաքել գազի վճարի բոլոր անդորրագրերն ու Բաղրամյան 26-ի դիմաց վառել: Ստեղծված խարույկի մոտ էլ միասնության շուրջպար բռնել»։ Մեկ այլ օգտատեր էլ առաջարկում է ուշացնել կոմունալ վճարումները։ Կարեն Հարությունյանն իր էջում գրում է. «Մենք լեւի լույս տեսած ժողովուրդ ենք, ինչի հիմա լեւի լույս ու գազ չե՞նք կարա ունենանք»։  Օգտատերերից հետ չեն մնում նաեւ քաղաքական գործիչները։ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կարծիքով, առանց  անհնազանդության անհնար է. կոչ է անում միասնական չվճարել գազի գինը։ «Թանկացումները մարտահրավեր են մեր երկրի համար, հատկապես գազի գնի թանկացումը»,-ասում է քաղաքագետը։ Ղուկասյանն առաջարկում է գազի գնի թանկացումը վերացնելու համար միասնական պայքարել։ «Կոմունալների վարձը անհատական չվճարելն առաջ կբերի անհատական անջատման, պետք է միասնական լինել եւ միասնական չվճարել»,- կարծում է նա։

Նրա խոսքով, պետք է կրկնենք տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ ուղղված բողոքի ակցիան, միայն, թե գազի թանկացման դեմ պայքարի համար անհրաժեշտ է ավելի լուրջ կազմակերպչական աշխատանք:

«Տրանսպորտի սակագնի իրադրության հետ կապված տեսանք, թե ինչպես փոքր խմբերով ակտիվիստները կարողացան դարձնել անհնազանդությունը զանգվածային, այստեղ էլ պետք է մարդիկ միավորվեն։ Հետագա օրերին մեր նախաձեռնությունը հանդես կգա հայտարարությամբ, թե ինչպես վարվել այս իրողության մեջ։ Այսօր առանց անհնազանդության անհնար է, այդ բեռն անտանելի է»,- ասաց նա։ Վերջինս տեղեկացրեց, որ «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունը բողոք է ներկայացնելու վերաքննիչ դատարան, չնայած, վարչական դատարանից մերժում ստանալով, մեծ ակնկալիքներ չունի։

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ հասկանում է, որ, պայմանավորված թանկացումներով ու գնաճով, բնակչությունն այս ամիսներին պետք է դժվարություններ կրի։ «Կոմունալների պատճառով ստեղծված նման արտակարգ վիճակի մարդիկ պատրաստ չէին, բայց դա չեմ ուզում ողբերգություն համարել: Պետք է դուրս գալ այս վիճակից: Նահանջելու տեղ չունենք»,-ասաց Բոստանջյանը։ «Հայփոստի» բաժանմունքներից մեկի աշխատակիցը, որ այս օրերին ականատես էր եղել գազի վարձավճարի թվերին ծանոթացող մարդկանց սուգ ու շիվանին, երեկ մեզ ասում էր. «Մեր բաժանմունքի մոտ պետք է շտապօգնության մեքենա հերթապահի՝  չեք պատկերացնի, թե մարդկանց հետ ինչ է կատարվում, երբ գազի վարձի գույժն ենք հաղորդում նրանց»:

Մանրամասնները «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here