տուն Լուրեր «Հրապարակ». Եվրոպայի գլուխկոտրուկը՝ Հայաստանում

«Հրապարակ». Եվրոպայի գլուխկոտրուկը՝ Հայաստանում

73
0

Հրապարակ

Սերժ Սարգսյանի մասնակցությունը եւ ելույթը Դուբլինի ԵԺԿ համագումարում միանգամայն ուշագրավ էր: Ինքնին ուշագրավ էր Սարգսյանի` Մաքսային հավաքին մասնակցելու համար Մոսկվա չմեկնելը, փոխարենը Դուբլինի ԵԺԿ համագումարում հանդես գալը: Նույնքան ուշագրավ էր Ուկրաինայում Սերժ Սարգսյանի գործընկերոջն ու նմանակին հաջողությամբ գահընկեց անելուց հետո Սարգսյանին  ընդունելու եւ լսելու պատրաստակամությունը ԵԺԿ-ում: Առավել ուշագրավը, սակայն, Սարգսյանի դուբլինյան ելույթի ուղերձներն էին: Ըստ էության, Սարգսյանն ասաց, որ ինքը պատրաստ է Եվրոպայի հետ շարունակել եւ խորացնել հարաբերություններն այն կետից, որտեղ Հայաստանը հասել էր ԵՄ-ՀՀ Ասոցացման համաձայնագրի բանակցություններն ավարտելով: Դրա համար Սարգսյանը, թվում է՝ Հայաստանի անունից, երկու պահանջ բարձրաձայնեց Եվրոպայի առջեւ` բացել հայ-թուրքական սահմանը եւ զսպել Ադրբեջանի հարձակողական տրամադրությունն ու գործողությունները: Այդ երկու կարգավորումները գուցե մեծ բարդություն չեն Եվրոպայի համար, սակայն այդ քայլերը կատարելը եւ Հայաստանին վճռականորեն դեպի Եվրոպա տանելը կնշանակի Սերժ Սարգսյանին խիստ ամրապնդել իր դիրքում: Մինչդեռ Սարգսյանը մի երկրորդ Յանուկովիչ է, որի հետ կարելի է աշխատել, բայց երբեք չարժե նրան ընդունել կամ աջակցել, երբ հայաստանցիների մի ստվար հատվածի համար Սարգսյանին իշխանությունից հեռացած տեսնելը դարձել է ձգտումների գագաթնակետ: Ինչպե՞ս վարվել, որ Սարգսյանին չհզորացնես, իսկ երկիրը դեպի Եվրոպա տանես, երբ ընդդիմադիր առաջնորդ էլ չկա, որ ընդունելի լինի, եւ ում հետ ցանկանաս աշխատել: Սա թերեւս Եվրոպայի առջեւ կանգնած գլուխկոտրուկն է Հայաստանում, որ ավելի դժվար է լուծել, քան հայ-թուրքական սահմանը բացել:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը