տուն Լուրեր «Հրապարակ». Ափսոս է՝ մի վարկաբեկեք

«Հրապարակ». Ափսոս է՝ մի վարկաբեկեք

90
0

Հրապարակ

Մի քանի օր է՝ համացանցը ողողված է Մոսկվայի հայոց թեմի հոգեւոր սպասավոր Տեր Մարտիրոս քահանային կարգալույծ հռչակելու թեմայով: Հարցազրույցներ Տեր Մարտիրոսի հետ, համայնքի ներկայացուցիչների ստորագրահավաք, հոդվածներ, վրդովմունք: Պարզվեց՝ բանն այն է, որ Տեր Մարտիրոսը Մոսկվայում փոքրիկ բիզնես ունի, որով ապահովում է իր կեցությունը, իսկ եկեղեցում ծառայում է անշահախնդիր. նրանից հայ համայնքի ներկայացուցիչները գոհ են: Այս առիթն օգտագործելով՝ ոմանք հիշեցին նաեւ այն բոլոր բիզնես ձեռնարկները, որոնք ունեն հայոց եկեղեցու սպասավորները՝ աշխարհասփյուռ: Բնականաբար, նրանք հիմնականում բարձրաստիճան հոգեւորականներ են: «Ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին» հայտնի ասացվածքի ոգով: Մանավանդ՝ մեր եկեղեցու ամենամեծ բիզնեսմենը, գաղտնիք չէ, հենց ինքը՝ կաթողիկոսն է, որի ունեցվածքի, կապերի ու կենցաղի մասին տարաբնույթ պատմություններ են շրջում մեզանում: Բայց այս ամենին մենք սովոր ենք եւ առանձնապես զարմանք չենք արտահայտում: Այնքան սովոր ենք, որ ոչ մեկին չեն հուզում անգամ Ամենայն հայոց կաթողիկոսի, երբեմն, ոչ ադեկվատ քայլերը: Երեկ, օրինակ, կաթողիկոսը որոշել էր, որ նորընծա վարչապետին պետք է անձամբ այցելի ու շնորհավորի: Անգամ եթե չքննարկենք գործող վարչապետի անձն ու համբավը եւ ընդունենք, որ ինտելեկտի ու արժանիքների մի անհասանելի բարձունքի հետ գործ ունենք, որքանո՞վ է պատվաբեր հոգեւոր հոր համար կառավարության շենք՝ վարչապետի դուռը գնալը: Եթե օրհնանքի ու բարեմաղթանքների հույժ անհրաժեշտություն կար, ապա նորմալ կլիներ, որ վարչապետը՝ այնպես, ինչպես նախօրեին ԱԺ նախագահը, ինքն այցելեր կաթողիկոսի նստավայր: Ափսոս է դարերի ընթացքում ձեռք բերված բարձր հեղինակությունը, որ նման քայլերով վարկաբեկվում է:

 

Գրում է «Հրապարակ» օրաթերթը