տուն Լուրեր «Հրապարակ». Արձակուրդից առաջ

«Հրապարակ». Արձակուրդից առաջ

46
0

Հրապարակ

Սիրելի ընթերցող, այսօրվանից «Հրապարակը» երկշաբաթյա դադար է հայտարարում՝ մեր հաջորդ համարը կտպագրվի օգոստոսի 5-ին: Մեզ մի մեղադրեք ձեզ լրատվություն չտրամադրելու, մեր լրագրողական պարտքը չկատարելու մեջ: Շատ լավ կլիներ, որ մենք մեծ ֆինանսական միջոցներ ունենայինք, ըստ այդմ՝ մեծ խմբագրակազմ եւ կարողանայինք արձակուրդ գնալ՝ չդադարեցնելով թերթի տպագրությունը, սակայն Հայաստանի նման երկրում, որտեղ թերթ տպագրելը հերոսության նման մի բան է, ֆինանսներ, ապահովվածություն եւ մեծ աշխատակազմն էլ ֆանտազիայի ժանրից է: Իսկ քանի որ մենք ծանր ու վտանգավոր աշխատանք ենք կատարում՝ ամեն օր ելնելով տարբեր հանցագործների, օլիգարխների ու չինովնիկների դեմ, ուստի մեզ նաեւ հանգստանալ է հարկավոր, որ նոր ուժերով շարունակենք մեր աշխատանքը, որը երբեմն «հողմաղացների դեմ կռիվ» է հիշեցնում: Այս անհավասար ու անիմաստ պայքարում մենք շատ արագ կհանձնվեինք, եթե ձեր՝ ընթերցողների աջակցությունը չլիներ: Եթե մեր թիկունքին չզգայինք ձեր շունչը: Եթե չզգայինք, որ ձեզ պետք ենք, եւ չգիտակցեինք, որ նաեւ մամուլի աշխատանքով է կերտվելու այն երկիրը, որը երազել են մեր հայրերը, որը երազում ենք մենք, եւ, հուսով եմ՝ ոչ թե կերազեն, այլ կունենան մեր զավակները: Չի կարող կայանալ այն պետությունը, որը չունի ազատ մամուլ: Չկա բարեկեցություն, առաջընթաց, մարդու իրավունքների պաշտպանություն, եթե չկա ազատ մամուլ: Միշտ կունենանք հանցավոր իշխանություն, օրենքների ոտնահարում, ընտրությունների կեղծում, եթե չունենանք ազատ մամուլ: Եվ ինքը՝ մամուլն էլ չի կարող կայանալ, եթե պետությունն ու հասարակությունը չունեն դրա անհրաժեշտության գիտակցությունը: Եթե հնարավորը չեն անում այդ մամուլի գոյությունն ու զարգացումն ապահովելու համար:

 

Գրում է «Հրապարակ» օրաթերթը