Հարգելի պարոն Տարոն Մարգարյան Ամանորյա տոներին ընդառաջ մի խումբ քաղաքացիներ քննարկել են Ամանորի տոնի հանրային մասնակցության մեջ խաղարկային տարրեր մտցնելու մի սցենար, որի իրականացման համար Ձեր և քաղապետարանի օգնության կարիքն են զգում: Գաղափարը կայանում է հետևյալում. Երևանի կենտրոնում գտնվող մի տոնածառ հատկացնել քաղաքացիներին՝ թույլ տալով, որ այն «զարդարեն» ցանկացող բոլոր քաղաքացիները: «Զարդարել» բառը գուցե լավագույնս չի արտահայտում գաղափարի իմաստը, քանի որ նպատակը ոչ թե պարզ զարդարելն է, այլև «տոնածառ» երևույթը մեր ժողովրդի ավանդական ամանորյա մշակույթի մեջ «տեղավորելը»: Հայոց ավանդական ամանորյա մշակույթի կարևոր բաղկացուցիչներից մեկը Ամանորի՝ որպես հնի ու նորի սահմանագծի տոնին անցնող, վերջացող տարվա հետ ամեն անցանակալի բան անցյալում թողնելու և ցանկալին, դրականը սկսվող տարվա հետ կյանքում «ապահովելու» ծիսականացված գործողություններն էին: Դրանք տարբեր են /բարեմաղթանք, դուրս նետում, խաղարկուն գործողություններ և այլն/:
Այս ավանդույթը կարող է հանրային մասնակցութան ձև ապահովել, նպաստելով նաև ամանորյա տոնահանդեսի խմբային հուզականության դրսևորումներին, ինչը տոնի կարևոր հասարակական գործառույթներից մեկն է: Իսկ դրա իրականացման ձև կարող է լինել մեկ ընդհանուր «քաղաքացիական տոնածառը», որը «լցվում է» անհատ քաղաքացիների գրավոր արտահայտված ցանկություններով: Քաղաքացիներից կամեցողները երկուական «ցանկություն» են գրում և կախում տոնածառից, մեկը՝ «մերժող», մյուսը՝ «ակնկալվող»: «Ցանկությունները» կարող են ձևավորվել թղթի վրա, կավի, փայտի փորագրության, կտորի վրա ասեղնագործելով, այլ ձևորեով, որոնք կարող են խնվել ստեղխագործ մարդկանց ուղեղներում: Կարելի է վստահ լինել, որ նախաձեռնությունը ի թիվս այլոց կնպաստի նաև քաղաքացիների ստեղծագործական ջգտումների կիրառական իրականացմանը: Տոնի ավարտից հետո «քաղաքացիական տոնածառի» ցանկությունների զարդարանքը կարելի է հանձնել Երևան քաղաքի թանգարանին և հնարավորություն տալ մշակութաբաններին, հասարակագետներին, ազգագրագեներին՝ ուսումնասիրել դրանց բովանդակությունն ու արտաքին ձևավորումը: Եթե գաղափարը քննություն բռնի, կարելի է նույնիսկ ամանորյա արխիվ ստեղծել՝ ըստ տարեթվերի /Ամանոր-20113-14, 2014-15 և այլն/: Այս գաղափարին Երևանի քաղաքապետարանի դրական վերաբերմունքը ֆինանսական ծախսեր չի պահանջի, փոխարենը կարող է հանրային ընդհանրության լիցք հաղորդել արդեն ձևավորված ամանորյա տոնահանդեսին: Ենթադրում եմ, որ այդ կարգի տոնածառի տեղադրման լավագույն վայր կլինի անցուդարձի բանուկ մասում, դիցուք՝ Կարապի լճի շրջակայքում, որպեսզի «տոնածառին հասնելու» հատուկ ջանքերի անհրաժեշտություն չառաջանա: Սկզբունքորեն բուն «տոնածառին» կարող է փոխարինել նաև որևէ թեթև կառուցվախք, սակայն հաշվի առնելով, որ այն կարող է լրացուցիչ ծախսեր առաջացնել, կարելի է սահմանափակվել նաև պարզ ծառով: Իսկ գաղափարի իրականացման ընթացքը ցույց կտա հետագայում դրա զարգացումների հնարավորությունները:
Հարգանքով՝ Հրանուշ Խառատյան, ազգագրագետ