«Սեւան», «Արփի լիճ» ազգային պարկերի տնօրենները աշխատանքից ազատվելու դիմում են գրել տարբեր պատճառաբանություններով:
Սակայն լուրեր կային, որ աշխատանքից ազատման պատճառը նոր իշխանության տարաձայնություններն են:
Araratnews.am-ը պարզաբանման համար զանգահարեց նրանց՝ պարզաբանման համար: Վահե Գուլանյանը՝ «Սեւան» ազգային պարկի տնօրենը, մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրերը: Նա ասաց, որ ջերմ հարաբերություններ ունի իշխանության հետ: «Տնօրեն դառնալուց հետո իմ բիզնես գործունեությունը տուժել է, քանի որ 3 տարի դրանով չեմ զբաղվել»,- մանրամասնեց տնօրենը:
Ինչ վերաբերում է Պետական վերահսկողական ծառայության բացահայտումներին՝ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի չարաշահումների վերաբերյալ, Վահե Գուլանյանն ասաց՝ այդ բացահայտումներն ազգային պարկի հետ կապ չունեն, ավելին՝ «Սեւան» ազգային պարկն աջակցել է ՊՎԾ-ին՝ չարաշահումների բացահայտման ժամանակ:
Թե ով է փոխարինելու Վահե Գուլանյանին, նա չգիտի, բայց վստահ է՝ իր տեղակալներից յուրաքանչյուրն էլ արժանի է պարկի տնօրեն դառնալու:
«Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Հովսեփ Սիմոնյանը Araratnews.am-ի հետ զրույցում եւս հերքեց իշխանությունների հետ տարաձայնություն ունենալը: Պատճառն առողջական է: «Փորձել եմ անել այն, ինչ հնարավոր է»,- մանրամասնեց պարկի տնօրենը:
Միգուցե ստուգումնե՞ր են եղել «Արփի լիճ» ազգային պարկում, հայտնաբերվե՞լ են խախտումներ, որից հետո էլ Սիմոնյանը որոշել է ազատվել: Պաշտոնյան հերքեց այդ ենթադրությունը: Միայն ասաց՝ եղել է ներքին աուդիտ, որը ոչ մի խախտում չի հայտնաբերել:
Հովսեփ Սիմոնյանը դեռ չգիտի, թե հետագայում ինչ ոլորոտում կաշխատի՝ կախված է իր առողջական վիճակից:
Հարցրինք՝ իշխանությունն այլ պաշտոն առաջարկե՞լ է Հովսեփ Սիմոնյանին, նա բացասական պատասխանեց: «Հիմա մտածում եմ միայն իմ առողջության մասին»,- ասաց Հովսեփ Սիմոնյանը:
Սոնա Դավթյան