տուն Հասարակություն Կրթություն ՀՊՄՀ-ում ընթացիկ քննությունները կհանձնեն առցանց եղանակով

ՀՊՄՀ-ում ընթացիկ քննությունները կհանձնեն առցանց եղանակով

1591
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բուհերում քննարկվում են նաև դիպլոմների առցանց պաշտպանության հնարավորությունները։

Պարզելու համար, թե արդյոք դիպլոմների առցանց պաշտպանության հետ կապված հստակ որոշումներ կայացվել են, AraratNews.am-ը կապ է հաստատել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կրթության էլեկտրոնային կառավարման բաժնի ղեկավար, ASPU Google Classroom հարթակի համակարգող Անուշ Սարգսյանի հետ:

AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում Անուշ Սարգսյանը նշեց, որ համալսարանը վաղուց ունի հեռավար ուսուցման հարթակ, եւ այս օրերին այն օգտագործվում է դասապրոցեսն անցկացնելու համար։

ASPU Google Meet հավելվածի միջոցով իրականացվում են տեսահանդիպումներ: Այս տեսանկյունից մի փոքր խնդիրներ կարող են առաջանալ գյուղաբնակ ուսանողների համար, բայց վերոնշյալ մեխանիզմը ՀՊՄՀ-ում վաղուցվանից է կիրառվում:

«Մենք առցանց իրականացնում ենք գործընթացի համակարգումը: Այս օրերին ամբողջ օրը առցանց կապի մեջ եմ մեր ամբիոնների վարիչների, պատասխանատուների, դեկանների հետ: Անձամբ զեկուցում եմ ռեկտորին իրավիճակի մասին՝ թե ինչպես են ընթանում դասերը: Մենք մոնիթորինգ ենք անում, թե յուրաքանչյուր դասի էլեկտրոնային տիրույթում ինչպես է դասապրոցեսն իրականացվում»,- մեզ հետ զրույցում ասաց Անուշ Սարգսյանը:

Անուշ Սարգսյանը նշեց, որ անկախ արտակարգ իրավիճակից, ուսումնական նյութերն ու լեկցիաները էլեկտրոնային տիրույթում մշտապես տեղադրվում են:

«Մեզ մոտ դա պարտադիր պայման է, նույնիսկ դասախոսն իր պայմանագրում ունի նման կետ, որ ASPU Google Classroom-ում ինքը պետք է ակտիվ լինի ուսանողների հետ շփման ժամանակ: Եվ նույն միջանկյալ քննությունների առումով մենք մշտադիտարկում ենք, որպեսզի իմանանք, թե որ դասընթացների միջանկյալ քննությունները կարողացան իրականացնել ASPU Google Meet հավելվածի միջոցով և որոնք ոչ՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով»,- նշեց Անուշ Սարգսյանը:

ՀՊՄՀ Կրթության էլեկտրոնային կառավարման բաժնի ղեկավարը վստահեցնում է, որ իրենք առցանց ուսուցումը վերահսկելու բոլոր մեխանիզմներին տիրապետում են: Հարցին, թե արդյոք ՀՊՄՀ-ն ունի դիպլոմների առցանց պաշտպանության հնարավորություններ, Անուշ Սարգսյանը պատասխանեց, որ այն իրագործելու տեխնիկական ամբողջ գործիքակազմին համալսարանը տիրապետում է, բայց հարցը դեռևս քննարկման փուլում է:

Օլյա Շահինյան