Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն իր ֆեսյբուքյան էջում տեղեկացրել է, որ Լոնդոնից վերադառնալուց հետո նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։ Նա արդեն ապաքինվել է։
«Բարև՛ ձեզ,հարգելի հայրենակիցներ, ընկերներ, հետևորդներ․
Լոնդոնից վերադառնալուց հետո ինքնամեկուսացվել եմ տանը՝ կասկածելով, որ վարակված եմ covid_19-ով։ Վեցօրյա տնային ինքնամեկուսացումից հետո թեստավորվել եմ, ցավոք, պատասխանը դրական էր։
Տասնչորս օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։ Հուրախություն բոլորիս՝ պատասխանը բացասական էր։ Այդ օրերի ընթացքում օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը։
Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց,ովքեր անհանգստացել են ինձ համար և հոգեբանական աջակցություն են ցույց տվել։
Շնորհակալություն եմ հայտնում նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանին և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի տնօրեն՝ Վարդան Ուռուտյանին, ինչպես նաև բուժքույրերի անձնակազմին՝ ջերմության, հոգատարության և իրենց գործին հավատարիմ լինելու համար։
Շնորհավոր Սուրբ Զատիկ։
«Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի? »»,-գրել է բռնցքամարտիկը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո:
Կորոնավիրուս էր հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ:
Ավելի ուշ պարզ էր դարձել, որ վարակված կա նաև հավաքական թիմում։
Աղբյուրը՝ Armsport.am-ը: