ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100-րդ օրը լրացավ երեկ: Araratnews.am-ը հետաքրքրվել է քաղաքական գործիչներից, թե ինչպե՞ս են գնահատում վարչապետի գործունեությունը այս հարյուր օրվա ընթացքում:
ԱԺ-ի ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը կարծում է, որ Հովիկ Աբրահամյանը վաղուց արդեն ապացուցել է, որ ինքը ոչինչ չի կարող անել և «Սերժ Սարգսյանի իշխանությունը իր համար միակ հաստատությունն է»:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ որևէ տարբերություն չկա:
«Ինքը իշխանության կարկառուն ներկայացուցիչ է և քաղաքականության որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել, առավել ևս, որ նախկինում ինքը ամեն ինչ արել է, որպեսզի երկիրը լինի այս իրավիճակում: Որեւէ էական փոփոխություն երբևէ չեմ սպասել նրանից կառավարման ոլորտում: Ըստ էությանˋ որեւէ փոփոխություն չէր կարող լինել, որովհետև համակարգային առումով նույն Կառավարությունն է: Հովիկ Աբրահամյանը Հայաստանում ընտրակեղծիքներ կազմակերպելու ամենամեծ վարպետն է: Որևէ փոփոխություն չեմ ակնկալել և չեմ ակնկալելու»,-ասաց Մարտիրոսյանը:
Այն հարցին, թե Հովիկ Աբրահամյանից և Կառավարությունից որևէ ակնկալիք չկա, որ մինչև սեպտեմբերի վերջը կկատարեն քառյակի պահանջները, Մարտիրոսյանը պատասխանեց, որ ոչ:
«Կառավարությունը այդ կետերն էլ չի անելու, բարեփոխումներ էլ չի անելու: Եթե Տիգրան Սարգսյանը փոքր ինչ բարեփոխիչի դերով էր ուզում հանդես գալ, թեև բովանդակային առումով հակառակն էր: Ապա Հովիկ Աբրահամյանի համար այդ դերի մեջ մտնելու կարիքը չկա, այնքան անմիջական է»,-ասաց Մարտիրոսյանը: