Խորհրդարանում ՎՊ նախագահի ընտրություններից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերին:
—Պարոն Աբրահամյան, վերջին օրերին ոստիկանության կողմից խոչընդոտվեց պատգամավորների իրավունքը. նրանց չթույլատրեցին հանդիպել բերման ենթարկված անձանց հետ: Ազգային ժողովի վարկը բարձրացնելու հարցով զբաղվելո՞ւ եք:
-Հիմա, գիտեք ինչ կա, լավ չի, որ պատգամավորները պարբերաբար են հիշում Ազգային ժողովի հեղինակության մասին կամ պատգամավորի պատվի մասին, արժանապատվության: Եթե խոսքը Նիկոլ Փաշինյանին ու Լևոն Զուրաբյանին է վերաբերում, Զարուհի Փոստանջյանին, մենք երեկ քննարկել ենք, իհարկե, ներկա են եղել Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Զուրաբյանը և պետաիրավական հանձնաժողովի, ներքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի նախագահները: Մենք քննարկել ենք, և վաղը մենք նախաձեռնել ենք, որ հանդիպենք պատկան մարմնի ղեկավարի հետ և փորձենք մեր հարցերի պատասխանը ստանալ:
—Փոշմանե՞լ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարել էիք, թե բյուջեի միջոցները թալանվել են:
-Իմ տեղը դուք որոշում մի կայացրեք՝ փոշմանել եմ, թե չէ: Ես ինչ-որ իմ տեսակետն է՝ հայտնել եմ, մի քանի անգամ ես այդ հարցին նույնպես պատասխանել եմ: Եվ մենք չենք իրավապահ այն մարմինները, որ պետք է որոշում կայացնենք կամ գնահատական տանք: Ուղղակի մենք ուղարկել ենք այդ փաթեթը, որտեղ որ քննարկման արդյունքում եղել են չարաշահումներ, խախտումներ, ուղարկել ենք Գլխավոր դատախազություն:
—ՎՊ նախագահի թեկնածուն նախքան ընտրությունը հանդիպել էր խմբակցությունների հետ, ավելի արդյունավետ աշխատելու մասով ի՞նչ քննարկումներ են եղել:
-Դե, քանի որ ՀՀԿ խմբակցությունն աջակցում է, որոշում է կայացրել, որպեսզի կողմ քվեարկի՝ պատասխանատվություն ունի: Մենք բոլորս պատասխանատվություն ունենք և պետք է աջակցենք, որպեսզի Վերահսկիչ պալատը նորմալ աշխատի, և պետք է մենք աշխատենք նորմալ աշխատանքի արդյունքում վեր հանել այն թերությունները, այն խախտումները, այն չարաշահումները, որոնք իրոք կան, և պետք է պատկան մարմիններն իրենց գնահատականը տան: Իրականությանը պետք է համապատասխանեն, նոր խոսքեր կան, գնահատականներ կան, քննադատություններ կան, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Եվ մենք պետք է ձեռնպահ մնանք նման անհիմն քննադատություններից: Դրա համար հիմա Վերահսկիչ պալատի նախագահի խնդիրը, ամբողջ աշխատակազմի խնդիրը դա է, որպեսզի վեր հանեն այն խնդիրները, որոնք օրենքով իրոք իրականությանը համապատասխանել են, ոչ թե Ազգային ժողովի ամբիոնից գնահատականներ հնչեցվեն, բայց արդյունքում իրավական որևէ խախտում չլինի: Դա շատ կարևոր հանգամանք է, և Վերահսկիչ պալատի նախագահի ուշադրությունը ես հրավիրել եմ այդ հանգամանքի վրա, որ հիմնավորվի, հետո նոր ներկայացվի այդ ամբիոնից, նոր գնահատականներ տրվի:
-Իսկ ի՞նչ կասեք Իշխան Զաքարյանի շքեղ առանձնատան վերաբերյալ:
-Չեմ կարող բան ասել, քանի որ ոչ եղել եմ այնտեղ, ոչ էլ տեսել եմ:
-Չարաշահումների մասին դատախազություն ուղարկած ձեր դիմումից ի՞նչ նորություն կա:
-Դատախազություն ուղարկել եմ, բայց դեռ պատասխան չկա:
—Եթե ընդդիմադիրների նման անկեղծ լինեք, Իշխան Զաքարյանի ձայնում փոփոխություն նկատե՞լ եք:
-Ես ընդդիմադիրների նման անկեղծ չեմ ուզում լինել, ես ընդհանրապես անկեղծ եմ ձեզ հետ, նաև՝ ի հակառակ որոշ լրագրողների:
Էմմա Պալյան