1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից անցել է 20 տարի: Հենց այս օրը Հայաստանի գործադիր եւ օրենսդիր մարմինը գլխատվեց՝ երկիրը թողնելով անելանելի դրության մեջ: Այդ օրը սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:
20 տարի անց ահաբեկչության պարագլուխը կրկին ձայն է բարձրացրել. ցանկանում է վաղաժամկետ ազատ արձակվել: Չուշացավ արձագանքը. Հունանյանին հանդիպեց պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը երկուժամյա զրույցից մանրամասներ հայտնեց հանրությանը: Պարզվում է, ինչպես Բաբաջանյանն է նշում, Հունանյանը ծերունի է դարձել, բայց 20 տարվա վաղեմության մտքերից չի հրաժարվել, անգամ հիմա է կարծում, որ դեռ պետք է «Հայաստանը փրկի»:
Այսօր հետահայաց անենք, թե ինչ է տեղի ունեցել 20 տարի առաջ, ովքեր էին ահաբեկչություն իրականացնողները, նրանցից քանիսը կան այսօր, առանցքային վկաներից ովքեր հանկարծակի մահացան և այլն:
Թեեւ 2000 թ. հուլիսի 11-ին առանձին վարույթն անջատվեց մայր գործից՝ հանցագործության հնարավոր կազմակերպիչներին, մասնակիցներին, օժանդակողներին հայտնաբերելու համար, սակայն 2 տարի 9 ամիս տևած նախաքննությունը որեւէ արդյունք չտվեց: Ամբողջ գործը կազմված է 400 հատորից, կան նաեւ գաղտնի թղթապանակներ, որոնց քանակը, թերևս, հայտնի չէ:
Ըստ պաշտոնական գնահատականի՝ կատարվել է 172 հարցաքննություն, բազմաթիվ առերեսումներ, զննություններ, առգրավումներ, նշանակվել են փորձաքննություններ։ Պահանջվել եւ ուսումնասիրվել են բազմաքանակ փաստաթղթեր։
Ահաբեկչության իրականացնողներն էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը:
2004 թվականին ահաբեկիչներից Վռամ Գալստյանը բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության, ինքնասպան եղավ: Դեռեւս դատաքննության ընթացքում Վռամ Գալստյանը՝ Նաիրի Հունանյանի քեռին, պարբերաբար հայտարարում էր, որ իրեն հոգեմետ դեղեր են ներարկում եւ ամեն ինչ անում են, որ ինքնասպան լինի, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի:
Ի դեպ, 2004 թ. նոյեմբերի 11-ին անջատված մասով քրեական գործի վարույթը կարճվեց:
2010 թվականի մայիսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իր անկողնում հայտնաբերվեց «Հոկտեմբերի 27»-ի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանի դին: Նրա պատժի ժամկետը լրանալու էր 2012-ին: Ըստ նախնական եզրակացության՝ 57-ամյա Համլետ Ստեփանյանի մահվան պատճառ էր հանդիսացել սրտի կաթվածը: Ստեփանյանի պաշտպանները նշել են, սակայն, որ նա նախկինում սրտի հետ կապված որեւէ խնդիր չի ունեցել:
«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը։ 2017-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության, սրտի հետ կապված խնդիրների պատճառով մահացավ Էդիկ Գրիգորյանը, նրա սիրտը մեկ անգամ ստենտավորել էին։ Նաիրի Հունանյանը ենթարկվել է վիրահատության: 2019-ից առաջ մեկ անգամ Նաիրի Հունանյանը դիմել է իր ցմահ ազատազրկումը 20 տարով փոխարինելու խնդրանքով, համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքում արված փոփոխության, սակայն մերժվել է:
Հատկանշական է, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության հետ առնչվող մի շարք անձինք կասկածելի հանգամանքներում մահացան:
Մասնավորապես՝ 2000 թվականին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության, էլեկտրահարումից մահացավ այս գործում որպես կասկածյալ ներգրավված Նորայր Եղիազարյանը, որը մասնագիտությամբ էլեկտրիկ էր: Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Եղիազարյանը մահացել էր 220 վոլտ հոսանքից: Իսկ ըստ շրջանառվող լուրերի՝ Նորայր Եղիազարյանի գլխին հարվածի հետքեր էին հայտնաբերվել, ինչը պաշտոնապես չի հաստատվել:
2002-ին իր տան շքամուտքում սպանվեց Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ, այս գործով առանցքային վկա Տիգրան Նաղդալյանը, չնայած` նրա սպանության համար մեղադրվեց եւ դատապարտվեց Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը:
Վռամ Գալստյանի «ինքնասպանությունից» մի քանի ամիս անց՝ 2004-ին, Ապարան-Երեւան ավտոճանապարհին վթարի ենթարկվեց «Հոկտեմբերի 27»-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը (ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրը): Վթարից հետո նա մի քանի վիրահատության ենթարկվեց, սակայն, գիտակցության չգալով, մահացավ: Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրը՝ Մուշեղ Մովսիսյանը, «Հոկտեմբերի 27»-ի գործով կալանավորվել էր, ապա ազատ էր արձակվել։ Նրա վերջին՝ 2000 թ. հունիսի 16-ի հարցաքննության ժամանակ քննիչ Գ. Լևոնյանը հետաքրքրվել է, թե տեղյակ է, որ դահլիճ մտնելով՝ Նաիրի Հունանյանը հարցրել է, թե ուր է Մուշեղը (այդ արտահայտությունը լսվում է անգամ լրագրողների ձայնագրություններում), իսկ նա պատասխանել է. «Նման բան չի եղել։ Եթե Նաիրի Հունանյանը նման հարցով դիմած լիներ, ապա անցած ամիսների նախաքննության ընթացքում քննիչները գոնե մեկ անգամ հարցրած կլինեին»։
Նույն տարում կրկին ավտովթարից՝ ԱՄՆ-ում մահացավ գործով որպես վկա անցնող ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը:
2014 թվականի մարտ ամսին Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաղաժամ կյանքից հեռացավ «Հոկտեմբների 27»-ի գործով առանցքային վկա Տիգրան Նազարյանը, որը երկու ժամ Նաիրի Հունանյանի հետ է անցկացրել ահաբեկչությունից հետո եւ հեռախոսային վկայություն է տվել ԱՄՆ-ից՝ Ռոբերտ Քոչարյան-Նաիրի Հունանյան առանձնազրույցի կապակցությամբ:
Նա նշել է, որ, ըստ էության, բոլոր տեխնիկական պայմանները եղել են, որպեսզի այդ զրույցը ձայնագրվի` միացված բարձրախոսների միջոցով:
Նշենք, որ Հանրայի հեռուստաընկերությունը իր թղթակցին՝ Տիգրան Նազարյանին, 2000 թվականի նոյեմբերին գործուղեց ԱՄՆ, որից հետո խզեց նրա հետ պայմանագիրը, եւ Նազարյանը զրկվեց հայրենիք վերադառնալու հնարավորությունից: Նա այս մասին նույնիսկ թերթերից մեկին հարցազրույց տվեց: Նրա նկատմամբ եղել էին նաեւ ճնշումներ, ահաբեկումներ, որ չհամարձակվի վերադառնալ Հայաստան, այլապես իր կյանքին վտանգ է սպառնում: Իսկ Տիգրան Նազարյանը շատ հարցերի շուրջ կարող էր լույս սփռել:
Այս մասով հետաքրքրիր է նաև Արման Բաբաջանյանի հայտարարությունը: Մասնավորապես՝ Հունանյանն իր հետ զրույցում անդրադարձել է նաև Քոչարյանի հետ զրույցին: Պատգամավորի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը, ըստ Հունանյանի, եղել է վախեցած:
Առեղծվածային էր նաեւ Նաիրի Հունանյանի մոր մահը: Նա 2012 թվականի նոյեմբերի 23-ին Եվպատորիայի մոտ՝ ծովում խեղդվել է։ Կնոջ մարմինը երրորդ որդին՝ Արմեն Հունանյանը, գտել է ծովում, ափից ոչ հեռու, ընդ որում՝ նրա կոշիկները եղել են ափին:
Ըստ տեղեկությունների՝ մահվանից առաջ նա երազում լսել է որդիների ձայները: Մահվան վերջին գիշերը տիկին Նաթելլան իր հարեւաններից մեկի մոտ փնտրել է Նաիրի եւ Կարեն Հունանյանիներին: «Այդ գիշեր Նաթելլան եկավ ինձ մոտ եւ հարցրեց՝ որդիներս ձեզ մոտ չե՞ն»,- պատմել է Նաթելլայի հարեւան Վլադիմիրը եւ հավելել. «Նա ասաց, որ իբր լսում է, թե ինչպես են իրեն կանչում Նաիրին ու Կարենը եւ, որ նրանց ձայները գալիս են ծովից: Իմ մոտից գնալուց հետո եկավ Արմենը, որ փնտրում էր մորը»։
Այսօր հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները և այդ օրը ԱԺ դահլիճում եղած մարդիկ հիմնականում այն կարծիքն են, որ «Հոկտեմբերի 27»-ի գործն ամբողջությամբ բացահայտված չէ եւ վերաբացման կարիք ունի, քանի որ հայտնի չէ ո՛չ կազմակերպիչը, ո՛չ պատվիրատուն:
Վազգեն Սարգսյանի եղբայր՝ Արամ Սարգսյանը, վստահ է, որ ոճրագործությունն ունեցել է արտաքին քաղաքական ենթատեքստ, բայց նաեւ եղել են ներքին խնդիրներ։
Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը, այն համոզմունքին է, որ ոճրագործությունից 20 տարի անց վերաբացման պահանջն ավելի է ուժեղացել՝ «այն պատճառով, որ ժողովուրդը տեսնում է, որ իշխանությունները բացահայտում են պետության դեմ կատարած հանցագործությունները եւ ակնկալում են, որ ամեն ինչ կարվի նաև Հոկտեմբերի 27-ի լիարժեք, ամբողջական բացահայտման համար»:
Ինչ վերաբերում է Հունանյանի դիմումին, արդյոք նա ասելիք ունի, կարծիքներն այս հարցում միանշանակ չեն:
ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ Հունանյանը 20 տարի ուշացել է, բայց եթե այսօր էլ ասելիք ունի, պետք է ասի:
Գործով վկաներից նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն էլ է կարծում, որ Հունանյանը դեռ 1999-ին պետք է խոսեր, եւ չի պատկերացնում, թե հիմա ինչ կունենա ասելու:
Բայց ահա Հունանյանին հանդիպած պատգամավորը պնդում է, որ ոճրագործը շատ ադեկվատ է եւ ասելիք ունի: Բաբաջանյանի պնդմամբ՝ Հունանյանը շատ փակագծեր է բացել:
Արամ Սարգսյանի խոսքով՝ ոճրագործի հետ որեւէ գործարք չի լինելու՝ անկախ նրանից, թե ում անունն է ուզում տալ. «Մտածում է՝ նոր իրավիճակ է, ինքը կարող է գործոն դառնալ և քաղաքական խաղերի մեջ մտնել»,- համոզված է նա:
Այս օրերին ակտիվացել են խոսակցությունները Վազգեն Մանուկյանի շուրջ, հատկապես, երբ Հունանյանին հանդիպած պատգամավորը Մանուկյանի հայտնի արտահայտությունն էր առաջ քաշում՝ որոշ բաներ ակնարկելով: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ հոկտեմբերի 27-ից առաջ Հունանյանը եւ Մանուկյանը հանդիպել են: Իսկ դեպքից հետո Մանուկյանը ոճրագործներին պարզապես ռոմանտիկներ է համարել:
1999-ին պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանի կարծիքով՝ Հունանյանի ազատ արձակման դիմումը չի ընդունվի, քանի որ «նրանց արածի արդյունքում Հայաստանը դարձավ երկու մարդու բոստան»:
Հոկտեմբերի 27-ի կազմակերպման մեջ տարբեր բեւեռներից տարբեր տեսակետներ են հնչում: Վարկածներից մեկով՝ Ռոբերտ Քոչարյանը մտադիր էր «Մեղրիի տարբերակն» իրականացնել, ինչից Վազգեն Սարգսյանը զայրացած ասել է, թե Քոչարյանը համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ, և այդ ամենին հաջորդել է հոկտեմբերի 27-ը: Այլ շրջանակներ արտաքին թշնամիներ են տեսնում այս ամենի հետևում:
Թե ով է իրական կազմակերպիչը, ում էր ձեռնտու այդ ոճրագործությունը, թերեւս, առաջիկայում դժվար հայտնի լինի: Բայց Նաիրի Հունանյանի ակտիվացումը եւ ներկա քաղաքական գործընթացները գուցե հանգեցնեն նրան, որ գործը կրկին վերաբացվի, և նոր փուլ սկսվի: Հավանաբար, առաջիկայում ոճրագործության հետ կապված նոր անուններ եւս կհնչեն, նոր բացահայտումներն անխուսափելի են, մնում է սպասենք զարգացումներին:
Լիլիթ Մխիթարյան