Այսօր «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը ասուլիսիի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին:
Բանախոսը համարում է, որ նախորդ ռեժիմի իրավաքաղաքական գնահատականը գործող իշխանությունները չեն տվել. «Նրանք փորձում են այս ամենի գնահատականը տալ իրավական տեսանկյունից»: Սեֆիլյանի խոսքերով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության ղեկը ստանձնելուց անմիջապես հետո Կրեմլում սկսվել է Փաշինյանի կառավարությանը ձախողելու գործընթացը. «Հները փորձում են գլուխ բարձրացնել և գործող իշխանության թիկունքին հարվածել: Մենք գործող իշխանությունների կողքին ենք լինելու»:
«Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամը նշեց, որ քանի դեռ Փաշինյանի վարկանիշը բարձր է, ոչ ոք ոչինչ անել չի կարող: Նա նաև դրական գնահատական տվեց ԱԱԾ պետի պաշտոնից Արթուր Վանեցյանի հեռացմանը՝ ընդգծելով, որ կողմ է ԱԱԾ-ում բարեփոխումների իրագործմանը:
Այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում Մանվել Գրիգորյանի կալանավորմանը, «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամն առանց անձնավորելու պատասխանեց, որ այն մարդիկ, ովքեր հանցագործություն են գործել, պետք է պատժվեն: