Հնդկաստանում կապիկների չափազանց արագ բազմացման դեմ պայքարելու են հակաբեղմնավորիչներով, հաղորդում է բրիտանական The Daily Mail պարբերականը։
Այս կերպ փորձելու են սահմանափակել ռեզուս մակակների պոպուլյացիան։ Սրանից զատ, կիրառելու են նաև ստերիլիզացումը։ Հակաբեղմնավորիչներ պարունակող սնունդը թողնելու են փողոցներում, իսկ բռնված կապիկներին ստերիլիզացիայի են ենթարկելու։
Մեթոդը սկսելու են կիրառել, հենց որ անցնի կլինիկական փորձարկում։
Քաղաքներում ավելացել է կապիկների թիվը, ինչը հարուցում է բնակիչների դժգոհությունը։ Մարդիկ կապիկների պատճառով չեն կարողանում տնից դուրս գալ։
Գիտնականները նշում են, որ հակաբեղմնավորիչների կիրառումը նախընտրելի է, քանի որ չի պահանջում վիրաբուժական միջամտություն։
Նման մի ծրագիր 2002 թվից արդեն հաջողությամբ կիրառվում է Հոնկոնգում։