Ինչպես գիտենք, մի քանի օր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում տեղի էր ունեցել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկումը: Այն հանձնաժողովականների քննարկմանն էր ներկայացրել Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը սակայն 3 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց: Բայց ինչպես Araratnews.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, այսօր ԱԺ-ում հերթական քառօրյայի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ չնայած նրան, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագծինˋ այնուամենայնիվ Ժառանգություն խմբակցությունն այն համարել է արտահերթ, հետեւաբար այդ հարցը կքննարկվի հաջորդ քառօրյայում:
Այս թեմայի շուրջ մեր թղթակիցը զրուցել է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանի հետ, ով նշել է.«Սա այն դեպքն է, երբ նման որոշումը չի կարող հատվածական լինել, եթե մենք նպատակահարմար համարենք, որ այդ որոշումը պետք է կայացվի, ապա դա պետք է լինի ամբողջ ԱԺ-ի միաձայնությամբ: Այսօր անտեսել ժամկետի խնդիրը, կարծում եմ ճիշտ չէ: Մենք միշտ մեր մոտեցումները ներկայացրել ենք, քվեարկության ժամանակ «կողմ» ենք քվեարկել, քանի որ չենք կարող նման հարցերում «դեմ» քվեարկել։ Բայց միևնույնն է, գտնում ենք, որ այս փուլում հնարավոր չէ ԱԺ-ի բոլոր ուժերով համակարծիք որոշում կայացնել»,-Araratnews.am-ի հետ զրույցն եզրափակել է ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը: Վերջինս մեր թղթակցի մյուս հարցերին չի պատասխանել:
Էմմա Պալյան