Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սառույցների ծավալը կտրուկ աճել է՝ հասնելով 9 հազար խորանարդ կիլոմետրի։ Այս ցուցանիշը 50 տոկոսով ավելին է 2012 թվականի հոկտեմբերին արձանագրված ցուցանիշից։ Նման եզրակացության են եկել Եվրամիության մասնագետներն՝ ուսումնասիրելով Եվրոպական տիեզերական գործակալության CryoSat արբանյակից ստացված տեղեկությունները։
«Հաշվարկները ցույց են տալիս, որ այս տարվա հոկտեմբեր ամսին արկտիկական սառույցի ծավալը կազմել է 9 հազար խորանարդ կիլոմետր՝ 2012 թվականի հոկտեմբեր ամսվա 6 հազարի փոխարեն», ասում են հետազոտողները՝ միաժամանակ խորհուրդ տալով չանել հեռուն գնացող եզրակացություններ, քանի որ նախորդ տարիներին նկատվում էր օվկիանոսի սառույցների ծավալների անկում։
Որոշ գիտնականներ այս ֆոնին կրկին հայտարարել են, որ հարկ չկա խոսել Երկիր մոլորակում գլոբալ տաքացման մասին։