Վիրտուալ քննադատություններից ուղիղ ընտրություններով մերժված քաղաքական ուժերն ու գործիչները «վերակենդանանալու» առիթը բաց չեն թողնում: Իսկ դրա միակ շանսը իշխանությանը, նրա տարբեր գործիչներին մրոտելն է: Ու քանի որ սեփական քաղաքական օրակարգ չունեն, փորձում են ինքնադրսեւորվել՝ հանրային խնդիրները դրոշակ դարձնելով, «խաղալով» հանրության զգայուն լարերի վրա: Ու ինչքան էլ պնդում են, թե վերոնշյալ խնդիրները քաղաքական չեն, մեկ է՝ անզեն աչքով էլ պարզ երեւում է, որ նպատակը քաղաքական է:
Օրեր շարունակ դաշնակցական, ապա ՀՀԿ-ական ու քոչարյանամերձ շրջանակները, օգտագործելով ուսանողների բողոքը, փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել, մահանա բերելով ԿԳՄՍ նախարարության առաջարկը՝ բուհերում հայոց լեզվի, հայոց պատմության առարկաները պարտադիր չդարձնելը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով: Իմա՝ բուհի ռեկտորն է որոշելու՝ այդ առարկաները դասավանդվե՞ն, թե՞ ոչ:
Առաջին ընդվզողները բանասերներն ու պատմաբաններն էին, որոնց մեծ մասի մտահոգության պատճառն իբր հայապահպանությունն ու սերունդներին հայեցի դաստիարակելն է, սակայն իրականում, որքան էլ որ նրանք չեն խոստովանում, ոչ մասնագիտական ֆակուլտետներում դասաժամեր կորցնելն է:
Ըմբռնումով եւ մարդկայնորեն կարելի է հասկանալ նրանց դժգոհությունը: Բայց հարցն այլ կողմ էլ ունի: Ընդվզող դասախոսներից քանիսի՞ն է հետաքրքրում, թե իրենց դասերին քանի ուսանող է ներկա, քանիսն է գիտելիք ստանում:
Այո, ցավալի է, բայց այսօր Հայաստանն այն երկիրը չէ, որ լեզվի «էքսպանսիա կազմակերպի», բոլոր բանասերներին, պատմաբաններին աշխատանքով ապահովի: Այնպես որ՝ վերոնշյալ նախագիծը ազդակ պետք է լինի ֆակուլտետների դեկաններին հետայսու աշխատաշուկայի պահանջները հաշվի առնել եւ ըստ այդմ ընդունելության տեղեր սահմանել:
ԿԳՄՍ Արայիկ Հարությունյանը բողոքող դասախոսների հետ երեկվա հանդիպմանը կրկին ասաց՝ նախագիծը դեռ քննարկվում է, նախարարությունը լսում է բոլոր առաջարկները: Նա նաեւ հիշեցրեց՝ ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները պարտադիր են դարձել 2006 թվականից, սակայն մինչ այդ դասախոսները որեւէ բողոք չեն ներկայացրել: Հարց է առաջանում՝ հայագիտության զարգացմամբ «տառապողները» ինչու մինչ այդ այսպիսի ցույցեր չեն կազմակերպել, նախարարների հրաժարականներ չեն պահանջել: Էլ չենք խոսում, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ բանասիրական ֆակուլտետից ոչ ոք առարկություն չի ներկայացրել:
Ինչ է առաջարկում նախարարությունը: Արայիկ Հարությունյանը հիշեցնում է՝ օրենքն ուժի մեջ կմտնի 2022-ին, մինչ այդ պատկան կառույցը կաշխատի մասնագետների հետ, որպեսզի դպրոցներում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները ավելի խորությամբ եւ պատշաճ մակարդակով դասավանդվեն: Հետայսու ԲՈՒՀ-եր ընդունվող բոլոր դիմորդները պետք է հանձնեն հայոց լեզվի քննություն՝ անկախ իրենց ընտրած մասնագիտությունից: Փոխվելու է հայերենի, մաթեմատիկայի ուսուցիչների դպրոց ընդունվելու կանոնները. նրանք պետք է քննություն հանձնեն նախարարությունում: Մշակում են մի համակարգ, որի դեպքում ավագ դպրոցի աշակերտը կրկնուսույցի կարիք չի ունենա. ամեն կիսամյակ կանցնի իրեն անհրաժեշտ առարկաները, կհանձնի քննություն բուհում: Կստեղծվեն առցանց հայերեն բառարաններ Լեզվի կոմիտեի կողմից: Այսինքն՝ խնդիրը լուծվելու է համակարգային:
Կարծում ենք՝ հենց այս է հայրենասիրությունն ու պետական լեզվի հանդեպ հոգածությունը, երբ պատկան կառույցը սերունդ կրթելու առաջին օղակը համարում է հանրակրթությունը, ապա կարևորում այն, որ միջնակարգ կրթության վկայական ունեցողը պետք է մայրենին լավ իմանա, անկախ նրանից՝ բուհ կընդունվի, թե ոչ:
Հ.Գ. Իսկ պետականության ու ազգային արժեքները շահարկող նախկին իշխանավորները թող հիշեն իրենց ժամանակաշրջանը, իրենց կազմում ընդգրկված, պարբերաբար վերարտադրված՝ «ծնոտ ջարդող» թոխմախիմհերներին, «բռնաբարող» շմայսներին, չգիտես ինչպես տնտեսագետի ու իրավաբանի դիպլոմ ձեռք գցած պատգամավորներին, դրսի հովերով առաջնորդվող ու օտար մտածողությամբ պաշտոնյաներին, ուսուցիչներին ստիպողաբար ընտրական պրոցեսներում ներգրավելը: Դե իսկ երբ լեզվի մասին օրենքը փոփոխեցին՝ օտարալեզու դպրոցներ բացելու համար, դրա մասին պարզապես լռում ենք:
Սոնա Դավթյան
՝