տուն Հասարակություն ՀՀ վերադառնալու հնարավորություն չունեցող զորակոչման ենթակա անձանց քրեական պատասխանատվության չենթարկվելու խնդիր կա....

ՀՀ վերադառնալու հնարավորություն չունեցող զորակոչման ենթակա անձանց քրեական պատասխանատվության չենթարկվելու խնդիր կա. ՀՔԱՎ

211
0

Արտերկրում գտնվող և զորակոչից տարկետում չստացած քաղաքացիները ժամանակին վերադառնալու և քրեական պատասխանատվության չենթարկվելու խնդիր ունեն: Նման հայտարարություն է այսօր տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: Նրանց է դիմել արտերկրում գտնվող մի քաղաքացի, որը տարկետման ժամկետը լրանալուց հետո սահմանների փակ լինելու, չվերթների բացակայության պատճառով չի կարողանում վերադառնալ Հայաստան՝ ներկայանալու զինվորական կոմիսարիատ համապատասխան բուժզննություն անցնելու համար: 

«Ստացվում է, որ զորակոչիկ հանդիսացող բազմաթիվ քաղաքացիների  նկատմամբ հետագայում կհայտարարվի հետախուզում, չնայած այն հանգամանքին, որ չեն ներկայացել՝ ոչ իրենց մեղքով եւ չեն խուսափել զինվորական ծառայությունից: Հաշվի առնելով նշվածը՝ գտնում ենք, որ համապատասխան պետական մարմինները պետք է իրազեկեն զորակոչիկներին եւ համապատասխան դեսպանությունների միջոցով ապահովեն զորակոչիկ հանդիսացող քաղաքացիների վերադարձը, իսկ անհնարինության դեպքում նման քաղաքացիներին համապատասխան կարգի սահմանմամբ տրամադրեն տարկետում՝ մինչեւ իրավիճակի փոփոխությունը: Խնդրին պետք է լուծում տրվի, որպեսզի բարեխիղճ քաղաքացիները չենթարկվեն անհիմն քրեական հետապնդման»,-ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիները, որոնք շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, տվյալները կարող են ուղարկել դեսպանություն։