ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ԱԺ-ում հայ-ռուսական գազային պայմանագրի քննարկման ժամանակ նշել է, որ ըստ նրա, ակնհայտ է, որ տարիների ընթացքում, կամ մեկ տարվա, ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը պարտք է կուտակել 300 միլիոն դոլար, փաստ է, որ պարտք ենք կուտակել:
«Եվ այսօր մենք կանգնել ենք փաստի առաջ, դուք եկել եք եւ ուզում եք, որ ԱԺ-ն վավերացնի այդ գործարքը, մեզ ուզում եք մասնակից դարձնել մի գործարքի, որը մեզանից թաքցրել եք: Ես այսօր խաբված եմ զգում, դուք ինչ կասեք այդ մասին»,- նշել է Օսկանյանը:
Նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանել է. «Ես երբեք չեմ ասել, որ Հայաստանի համար գինը չի բարձրացել: Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում գազի գինը չի բարձրանալու: Ուրիշ բան չեմ ասել ես», -ասել է Մովսիսյանը:
«Հիմա էլ նույն ձեւով ասում եմ, որ այո, այն ժամանակ խնդիրը դրվեց, որ պետք է բարձրանա, թե ինչքան, ինչ ձեւով պարզ չէր: Մենք պայմանավորվեցինք, որ Հայաստանում գազի սպառումն իրականացնում ենք այն գնով, որով որ եղել է, մինչեւ բանակցությունները կավարտվեն», շարունակել է Մովսիսյանը:
Նրա խոսքով, ոչ մի բան չի թաքցվել, գնում էր բանակցային գործընթաց:
«300 միլիոն դոլարը որ օրվանից է սկսել կուտակվել: Փաստ է չէ, որ 300 միլիոն ա կուտակվել»,- հարցրել է Վարդան Օսկանյանը:
«Այդ պարտքւ կուտակվել է 2011 թվականից: Թե ինչ պետք է լիներ վերջնական այդ պարտքը, համաձայն մեր պայմանավորվածության միայն մեր բանակցության ավարտին հնարավոր էր իմանալ», -պատասխանել է Մովսիսյանը:
Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ սա վասալային պայմանագիր է: Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է նաեւ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ճակատագիրը, որին Ուկրաինայում դատապարտեցին Ռուսաստանի հետ գազային պայմանագիր ստորագրելու համար: ԲՀԿ-ական պատգամավորն իր ելույթում նշել է, որ ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ ենթարկվելու է քրեական պատասխանատվության: