Խորհրդարանում շարունակվում է քառօրյայի աշխատանքները: Նիստի ընթացքում, երբ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի» մասին նախագիծը, որի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օգտվելով վարման կարգով ձայն ստանալու իրավունքից Վաչե Գաբրելյանին հարց է ուղղել: «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերն էդքան լա՞վ են, որ Սերժ Սարգսյանի աշխատավարձը բարձրանում է 203 տոկոսով, վարչապետինը՝ 218 տոկոսո՞վ: Դուք կարծում եք, որ գործերն էնքան լավ են գնում, որ այդ գործերի համար պատասխանատու մարդիկ վաստակե՞լ են բարձրացման իրավունքը»,- հարցրել է Փաշինյանը: Նա նշել է, որ այդչափ բարձրացման արդյունքում Սերժ Սարգսյանի աշխատավարձը հասնելու է մոտ 1 մլն 300 հազար դրամի, իսկ վարչապետինը՝ մոտ 1 մլն 190 հազար դրամի: Փաշինյանը նաև նկատել է, որ այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Զբաղվածության մասին» օրինագիծը, որով նախատեսվում է 18 հազար դրամ գործազրկության նպաստից զրկել գործազուրկներին, իսկ փոխարենը բարձրաստիճան պաշոնյաների աշխատավարձերը բարձրացնել: Վաչե Գաբրիելյանն այս հարցերին հստակ պատասխան չի տվել: Նա նշել է, որ պաշտոնյաներ կան, որոնց աշխատավարձերը նախորդ տարիներին սառեցվել էին, բարձրացում չէր եղել, ինչն էլ ավելացրել էր կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև չպետք է հարցնել, թե ում ինչքան են տալիս, այլ՝ արդյո՞ք Հայաստանը հետ չի մնում համաշխարհային զարգացումներից:
Էմմա Պալյան