Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:
Araratnews.am-ը ներկայացնում է գեներալ-լեյտենանտ, այսօր արդեն ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի կենսագրությունը և հայտարարագրած ունեցվածքը:
Օնիկ Գասպարյանը ծնվել է 1970 թ. հունվարի 6-ին՝ Իջևանում:
Կրթությունը`
Սովորել է Իջևանի թիվ 5 միջնակարգ դպրոցում:
Սովորել և ավարտել է ք.Երևանի թիվ 147 միջնակարգ դպրոցը:
Սովորել և ավարտել է ՌԴ ՊՆ «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացները մոտոհրաձգային գնդի հրամանատարի մասնագիտությամբ:
Սովորել և «ոսկե» մեդալով ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան:
Սովորել և գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:
Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ծառայության ընթացքում`
Զբաղեցրել է գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի, մի շարք զորամասերի հրամանատարի պաշտոնները:
Զբաղեցրել է 51191 զորամասի հրամանատարի պաշտոնը:
Զբաղեցրել է 68617 զորամասի հրամանատարի պաշտոնը:
Զբաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
Զբաղեցրել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին:
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին:
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:
Մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցելու, զորամասերը և զորամիավորումները հաջողությամբ ղեկավարելու, Հայաստանի Հանրապետության բանակաշինության գործում անձնական մեծ ավանդի համար պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայության», «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան» գերատեսչական, «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանների, «ՀՀ զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալներով, ինչպես նաև ՀՀ Վարչապետի հուշամեդալով, անվանական և որսորդական զենքերով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Ըստ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տվյալների՝ 2018 թվականի հայտարարագրով գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ունեցվածքը կազմում է 8.647.248.00 դրամ աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներով: