Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը դրական է գնահատում Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի լրագրողների փոխայցելությունը, որի ընթացքում Հայաստանն ու Արցախը ներկայացնող լրագրողները հնարավորություն են ունեցել լինել Ադրբեջանում, իսկ Ադրբեջանի լրագրողներն այցելել են Հայաստան եւ Արցախ: Այս մասին Մնացականյանն ասաց նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում:
«Շատ պատասխանատու պահ էր, որովհետեւ, ինչպես տեսաք, այս ամենը բխում էր մեր պայմանավորվածություններից, այս ամենը բխում էր նաեւ մեր քաղաքականությունից, որ, եթե մենք գործնական աշխատում ենք խաղաղ գործընթացի ուղղությամբ, անհնար է սպասել առաջընթացի, եթե մենք չունենք համապատասխան միջավայր, սակայն միջավայրն այնպիսին է, որ անհնար է սպասել ճեղքումներ կամ անմիջական արդյունքներ այս մեկ միջոցառումից: Շատ էական էր, որ այս ծրագիրն իրականացվում էր լրագրողների մակարդակով, այսինքն՝ այն մարդկանց մակարդակով, որոնք կարծիք ստեղծող են, լրագրողներ են, տեղեկատվություն ստեղծողներ են: Մեր կողմից երկու հոգի Հայաստանից, երկու հոգի Արցախից եղան այնտեղ, իրենց մասնագիտական բնագավառի գործընկերների հետ հանդիպեցին: Չեն եղել որեւէ պաշտոնական հանդիպումներ, սա էլ է մտածված: Մենք ունենք այս արդյունքը, չեմ ուզում շտապել, անմիջապես կառուցել բոլոր մնացած քայլերը: Ես դրական եմ գնահատում, որ սա տեղի ունեցավ: Մենք ստեղծեցինք մի նոր բովանդակություն, որը շատ էական է»,- ասաց Մնացականյանը:
Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի եւ Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան եւ Արցախ: Ծրագիրը նախապատրաստվել եւ կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ եւ Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ: