Հայաստանի Արտաքին Գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ արձագանքել է Վաշինգտոնի Կարնեգի հաստատությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթին: Մասնավորապես, նախարարն ասել է, թե «ամերիկացի դիվանագետն իրավացի է, որ մի շարք առիթներով կողմերը գրեթե եկել են համաձայնության»:
Այսինքն, փաստացի Հայաստանի Արտաքին գերատեսչության ղեկավարը հաստատեց, որ Հայկական կողմը պատրաստ է հող հանձնել, ինչը վերջին օրերին փորձում են կոկորդ պատռելով հերքել որոշ իշխանական սոխակներ:
Ի վերջո այս ամենի հիմքը Մադրիդյան սկզբունքներն են: Իսկ ի՞նչ է ասվում դրանցում:
• Լեռնային Ղարաբաղի շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը;
• Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով
• Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք;
• Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով;
• ներքին տեղահանված անձանց եւ փախստականների` իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունք;
• անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն:
Ստացվում է, որ եկել է ԱԳՆ-ի դուռը փակելու ժամանակը: Որովհետև Արցախյան հարցում զիջողական ու պարտվողական քաղաքականությունն, ի վերջո, հանգեցրեց այսպիսի իրավիճակի: Ավելին, հայաստանյան հասարակությունը միայն արտաքին ազդակներով է իմանում, թե ինչ փոփոխություններ են եղել մեր արտաքին ու ներքին օրակարգերում:
Ինչ վերաբերում է Արցախի հարցի լուծմանը, ապա այն լուծվել է դեռևս 1994թ, իսկ օրենսդրական լուծումը կհաստատվի, երբ հաջորդ Հայաստանյան համապետական ընտրությունների ժամանակ տեղամասեր բացվեն Արցախում ևս, և դրանով ազդարարվի միացման վերջնական փուլը:
Արմեն Մկրտչյան