Այսօր սկսվում է Արարատ քաղաքի համայնքի ղեկավարների ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, որը կավարտվի նոյեմբերի 8-ին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ընտրություններին գրանցված են երկու թեկնածուներ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջադրված ԲՀԿ-անդամ, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ում արտադրության պետ Սամվել Բարսեղյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունից առաջադրված՝ «Արտաշատի ավտոկայան» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը: Ինչպիսի պայքար են ակնկալում ՀՀԿ-ականները սպասվող ընտրություններից փորձել է պարզել Araratnews.am-ի թղթակիցը՝ զրուցելով Աժ պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ։ Նա նշել է, որ լինելու է արդար ընտրություններ. «Այն ճանապարհը կամ այն ընտրական փուլը, որ մենք թևակոխել ենք, այն է արդար, նորմալ, ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելն է, չեմ կարծում, որ Արարատի համայնքի ընտրություններն այս առումով շեղվելու է»: Մեր թղթակցի այն հարցին, թե նա ինչպիսի պայքար է ակնկալում ՀՀԿ-ԲՀԿ-ի միջև և ինչպես է գնահատում իրենց կուսակցականի շանսերը, Հովիկ Սահակյանը պատասխանել է.«Ինչպես յուրաքանչյուր թիմ, այնպես էլ մենք մեր թեկնածուի շանսերը գնահատում ենք ավելի բարձր և կարծում ենք, որ նրա հաղթելու շանսերն ավելի մեծ են»:
Էմմա Պալյան