Հայաստանի կառավարությունը իրարամերժ քայլերով ստեղծեց մի իրավիճակ, որի արդյունքում կորցրեցինք մեր ազգային ավիափոխադրողին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման հայտարարություն արեց Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը: Նրա խոսքով՝ մենք կորցրեցինք նաև «Արմավիայի» օդաչուների խմբին, ինժիներատեխնիկական բազան: Բացի այդ տուժեցին այն ձեռնարկությունները, որոնց նախկինում ստիպել էին զիջումներ կատարել՝ «Արմավիային» փրկելու համար:
«Կառավարությունը չհասկացավ՝ ինչ պետք է անի ոլորտը կարգավորելու համար»,- ասաց Ի. Մուրադյանը՝ հավելելով, որ մենք չունենք ինքնաթիռներ, ի տարբերություն Վրաստանի (50 ինքնաթիռ) և Ադրբեջանի (28) համեմատ: «Արմավիան» ուներ 8 ինքնաթիռ, որը տիկին Մուրադյանը համարում է, որ «մերն էր»: «Վաղը, եթե եղավ պատերազմական իրավիճակ, ոչ մի այլ մասնավոր ընկերություն թույլ չի տա, որ իր ինքնաթիռը թռնի»,- ասաց Ի. Մուրադյանը:
Նշենք, որ Ի. Մուրադյանը, լսելով մի քանի հարց «բաց երկնքի քաղաքականության» մասին, հանկարծակի ոտքի կանգնեց ու դուրս եկավ ասուլիսի սենյակից: Նա շարունակ կրկնում էր, թե մենք կորցրեցինք Արմավիան ու այն անցավ պատմության գիրկը և ինքը այլևս որևէ մեկնաբանություն չի ուզում տալ: