տուն Uncategorized Հիվանդության պատճառով Սևանա լճում խեցգետնի քանակը կտրուկ նվազել է.մասնագետ

Հիվանդության պատճառով Սևանա լճում խեցգետնի քանակը կտրուկ նվազել է.մասնագետ

807
0

Խեցգետինը համարվում է  լճի սանիտար: Նրանք մաքրում են լիճը օրգանանական նյութերից: Որքան շատ է խեցգետնի պաշարը լճում, այդքան մաքուր է ջուրը և հակառակը:  Գուցե սա է  նաև պատճառներից մեկը, որ վերջին  տարիների ընթացքում  Սևանա լճի աղտոտվածությունն անհամեմատ նկատելի է,  քանի որ նույն ժամանակահատվածում  լճում խեցգետնի քանակի կտրուկ անկում է նկատվել:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  Սևանա լճում  2019թ.-ին  2018-ի համեմատությամբ  խեցգետնի պաշարները կրճատվել են 11 անգամ: Այսինքն՝  լճում ունենք  խեցգետնի պաշարների  խզում, ինչը հուշում է, որ  արդյունահանման ամբողջովին արգելման անհրաժեշտության մասին: Այս մասին փաստում են գիտական հետազոտությունները:  Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի   տվյալներով,  վերջին տարիների կտրվածքով Սևանա լճում  ուսումնասիրության արդյունքների դինամիկան  ունի հետևյալ պատկերը.

2014 թվանին խեցգետնի արդյունագործական ընդհանուր պաշարը կազմել է 2920տ,որից թույլատրվել է որսալ 730 տ:

2015թվականին ՝4000տ, համապատասխանաբար թույլատրվել է  750տ:

2016 թ.-ին արդյունագործական պաշարը կազմել է  4580տ, որից 1100տ-ն որսի նպատակով:

2017թ-ին ՝ 2600 տ, որից թույլատրելի է որսի համար 500տ :

2018թ.- ին՝  2300տ, որից թույլատրվել է որսալ  350տ :

Իսկ ահա 2019թ-ին խեցգետնի արդյունագործական ընդհանուր պաշարը կազմել է ընդհամենը 200  տոննա, որսի համար թույտրելի պաշար չկա:

-Հատկանշական է, որ Սևանա լճում  խեցգետնի պաշարների կտրուկ անկումը պայմանավորված է ոչ միայն գերորսով, այլև վերջին երկու տարիների ընթացքում տարածված հիվանդությամբ,- ասում է Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը :

«Մեր կողմից  տրված առաջարկությունների մեջ գրված է,որ այս տարի չիրականացնել  խեցգետնի որս:  Բացի այն, որ տեղի է ունեցել գերորս, խեցգետնի  շրջանում տարածված է նաև հիվանդություն, որի պատճառով  պոպուլիացիան 2019թ.-ին  կրճատվել է մոտ 11  անգամ: Այդ հիվանդությունը հիմնականում աղտոտվածության  հետևանքով է առաջանում: Նախնական ախտորոշմամբ՝ ժանգային հիվանդություն է, երբ խեցգետնի վրա վերքեր են առաջանում ՝ սև այրվածքների տեսքով, ինչն էլ դառնում է խեցգետնի մահացության պատճառ»,- ասաց Ղուկասյանը:

2020 թվականի  ուսումնասիրությունների արդյունքները դեռ ամփոփված չեն, սակայն մասնագետը փաստում է, որ հիվանդությունը դեռ առկա է , քանի որ հետազոտությունների ընթացքում կրկին հանդիպել են հիվանդ առանձնյակների: Մեր դիտարկմանը ,թե արդյո՞ք այն վտանգավոր է մարդու համար,  Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրենը պատասխանեց. «Դեռ պարզ չէ մարդուն փոխանցվում է,թե ՝ոչ: Քանի որ խեցգետինը կենդանի վիճակում են գցում եռացող ջրի մեջ, կարող են տեսնել կենդանու վրա առկա են վերքեր,թե ոչ:  Բոլոր դեպքերում ցանկալի չէ հիվանդ կենդանու մսի օգտագործումը»:

Հարկ է նշել, որ Սևանա լճի այսպես ասած «ծաղկման»   գործընթացը ևս սկսել է 2018 թվականից: Արդյոք խեցգետնի շրջանում տարածված հիվանդությունը փոխկապակցված է Սևանա լճի «ծաղկման»  պրոցեսի  հետ: Մասնագետը   ոչինչ չբացառեց:

«Ոչ մի բան բացառված չէ, քանի որ  սնկային  հիվանդություները հանդիպում են այն լճերում, որոնք աղտոտված են օրգանական նյութերով: Իսկ մեր լճում օրգանական աղտոտվածությունը շատ մեծ է, Գեղարքունիքի մարզի ողջ   կոյուղահոսքերը լցվում են Սևանա լիճ : Այսինքն՝ աղտոտված ջուրը  հիվանդության առաջացման  պատճառ  կարող է լինել»,-ասաց Ղուկասյանը:

Մասնագետն  անդրադարձավ նաև  դատախազության ներկայացրած  Սևանա լճից խեցգետնի արդյունագործական որսի և արտահանման ոլորտում հայտնաբերած  չարաշահումներին: Համաձայն որի ՝   2016թ.-ին «Բնական կենդանական պաշարների օգտագործման» պայմանագրեր կնքած թվով 4 ընկերություններ դիմել են Նախարարություն, որպեսզի ստանան դեռևս 2015թ.-ին որսված և չարտահանված կենդանի խեցգետինը 2017թ.-ի ընթացքում արտահանելու համաձայնություն: Այդ շրջանակում բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը կատարել է ուսումնասիրություն, ըստ որի այդ 4 ՍՊԸ-ներում առկա է  2015թ. որսված ու չիրացված ընդհանուր 325տ. Խեցգետին:  Դատախազության ուսումնասիություններով,   խեցգետնի արտահանման ծավալներն արդեն իսկ գերազանցել են նրանց տրված որսի թույլտվությունները:

Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը   նշեց, որ իսկապես մանրամասն  փորձաքննության կարիք կա, քանի որ երկու տարի խեցգետին պահելը դյուրին գործ չէ:

«Խիստ կասկածում եմ, որ ընկերությունները կարողանային  երկու տարի պահել խեցգետինը:  Եթե նրանք պահել են բետոնապատ տարածքում, ապա խեցգետինները  հազիվ թե կարողանային երկու տարի դիմանալ, քանի որ նրանց կորուստն այնքան մեծ է լինում, որ պարզապես  շահութաբեր չէր լինի : Խիտ և փակ տարածքներում կենդանիները սկսում են  հոշոտել և ոչնչացնել միմյաց, այս դեպքում խոսքը գնում է  60-70 տոկոս կորստի մասին»,-ընդգծեց Ղուկասյանը:

Այսուհանդերձ, այսօր ևս չկա խեցգետնի որսի արգելք: Այսինքն ՝ եթե օրինակ սիգ ձկնատեսակի համար ժամանակ առ ժամանակ սահմանվում է արգելք, ապա խեցգետնի համար նման որոշում չկա:  Հետևանքն էլ այն է,որ  այսօր Սևանա լճի «սանիտարը» հայտնվել է ոչնչացման վտանգի տակ: