տուն Լուրեր Հիվանդանոցներում հղիներին պետք է զգուշացվեր, որ ծառայությունները վճարովի են

Հիվանդանոցներում հղիներին պետք է զգուշացվեր, որ ծառայությունները վճարովի են

103
0

g_image (1)

Այսօր առողջապահության նախարարության շենքի դիմաց հավաքվել էին հղի կանայք, ովքեր բողոքում էին նախարարության վերջերս ընդունած որոշման դեմ: Սակայն երեկ երեկոյան ԱՆ պաշտոնական կայքում տեղադրվել է նշված որոշման կասեցման մասին հայտարարություն: Այսօր տեղի ունեցած բողոքի ցույցի մասին Araratnews.am-ը զրուցել է ակցիայի կազմակերպիչներից Էլվիրա Մելիքսեթյանի հետ:

«Երբ իմացանք ԱՆ որոշման մասին, որոշեցինք ակցիա կազմակերպել` պահանջելով հետ կանչել որոշումը: Երեկ երեկոյան ուշ իմացանք, որ մեր պահանջով որոշումը հետ է կանչվել: Պարզապես որպես մեկնաբանություն առողջապահության նախարարության կայքում նշվում էր, որ մեխանիզմների հստակեցման համար է հետ կանչվել: Այդ պատճառով էլ խմբի անդամների հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք, այնուամենայնիվ, ակցիան իրականացել, բայց արդեն որոշումը հրապարակավ չեղյալ հայտարարելու պահանջով: Քանի որ այդ որոշումն ընդամենը նախարարության կայքում էր դրված: Իսկ մենք գիտենք, որ այդ գումարները հղիներից գանձվում են 2012 թվականից»,- ասաց նա:

Ակցիայի ընթացքում դուրս եկավ առողջապահության նախարարության աշխատակիցը և ներս հրավիրեց մասնակիցներից մի քանիսին: Նրանց ընդունեց փոխնախարարը: Նրանց հավաստմամբ` հիվանդանոցներում հղիների պետք է զգուշացվեր, որ ծառայությունները վճարովի են, քանի որ պիլոտային ծրագիր է ներդրվել 2012թ.-ից:

Բայց խմբի բազմաթիվ անդամներ փաստեցին, որ իրենց այդ մասին չեն զգուշացրել:

«Քննարկման արդյունքում նրանք հրապարակավ հայտարարեցին, որ որոշումը հղիների առնչությամբ հետ է կանչվել»,- ասաց Էլվիրա Մելիքսեթյանը:

Իսկ պոլիկլինիկաներում վճարումներ կատարելու հարցի շուրջ առողջապահության նախարարությունում ակցիայի մասնակիցներին ասել են, որ այդ որոշումը կասեցվել է մինչև հունիսի մեկը, ինչից հետո այն նորից կվերանայվի: