Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ «Հիշում ենք եւ պահանջում» կարգախոսի «պահանջում ենք» հատվածը փոփոխության ենթարկվի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց.
«Մենք մեր աշխատանքային խմբով, ինչպես արդեն նշեցի, որոշ ժամանակ է, ինչ որոշակի ռեժիմով քննարկումներ ենք ունենում միջոցառման թե կազմակերպչական, թե բովանդակային հարցերի հետ կապված: Նաև Ձեր նշած կարգախոսի հետ կապված նույնպես քննարկում է տեղի ունեցել: Այնուամենայնիվ, որոշում է կայացվել առնվազն այս պահին չփոխել կարգախոսը՝ հաշվի առնելով ժամանակի սղությունը: Եվ մենք կարծում ենք, որ նման որոշում կայացնելու համար ավելի խոր, համապարփակ քննարկումներ պետք է լինեն: Այս տարի մենք այդ հարցի հետ կապված փոփոխություն կատարելու որոշում չենք կայացրել»: