«Հին հունական և արդի հայկական իդյոտները
Երբեմն խորանալով որևէ բառի ծագման և նախնական իմաստի մեջ, երևույթներն ավելի հասկանալի են դառնում: Ժամանակի ընթացքում մեկ բառի իմաստի փոփոխությունը կարող է ցուցադրել հարաբերությունների և արժեքների փոփոխությունները: Օրինակ, “իդյոտ”` “ապուշ” բառի իմաստային տրանսֆորմացիան և դրա ներկայիս Հայաստանում կրած ճիշտ հակառակ իմաստը ցույց է տալիս հանրային հարաբերությւոնների տրամաբանությունը:
Հին Հունաստանում իդյոտ — ἰδιώτης –ը բառացի նշանակում է “մասնավոր անձ”: Պոլիսներում հին հույնը պետք է ապրեր հանրային կյանքով, մասնակցել յուրաքանչյուր քաղաքակի և գյուղի կենտրոնական հրապարակամ տեղի ունեցող հանրային քննարկումներին: Այն մարդկանց, ովքեր չէին մասնակցում հանրային կյանքին, անվանում էին իդյոտներ` այսինքն մեկուսացած, միայն մասնավոր կյանքով ապրող մարդիկ: Հին Հռոմում այն ձեռք է բերում նաև երկրորդ իմաստը` մասնագիտություն չունեցող, ոչնչի ունակ մարդ:
Ներկայիս Հայաստանում այդ բառը ճիշտ հակառակ իմաստն է ձեռք բերում; Իդյոտն այն մարդն է, ով փորձում է հանրային կյանքով ապրել, դուրս է գալիս փողոց և պահանջներ ներկայացնում, նստացույց անում, հացադուլ անում և այլն: Դրանք լուզերներն են կամ աբիժնիկները, որոնք չեն կարողանում “արժանապատիվ” կերպով իրենց մասնավոր կյանքով ապրել: Մասնավոր կյանքով ապրելը, հասնել որոշակի “մասնավոր” հաջողությունների ու բարեկեցիկ կյանքի, համարվում է լինել լիարժեք, հարգված մարդ: Անգամ խորհրդարանը, որը հենց հանրային, հրապարակային գործունեության վայր է, նույնպես վերածվել է “մասնավոր” խնդիրների լուծման, հանրությունից մեկուսացված վայրի:
Իդյոտի և իդյատիզմի նախնական և արդի հայկական իմաստները ճիշտ հակառակն են նշանակում: Հակառակն են նաև արդյունքները: Եթե Հին Հունաստանը ժամանակակից քաղաքակրթության հիմքն է, ապա արդի Հայաստանում արժեքների դեգրադացիան արդեն ծայրահեղ դրևորումներ է ստանում»:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքի էջից