ՀՀ քաղաքացի Դավիթ Առաքելյանը կնոջ և երեխայի հետ գտնվում է Չինաստանի Գանսու նահանգի Սուջո քաղաքում: Դավիթ Առաքելյանը տեսանյութի միջոցով հաղորդում է, որ համաճարակը շատ արագ է տարածվում. «Համաճարակը շատ արագ է տարածվում: Առայժմ պանիկա չկա, բայց բոլոր բիզնեսները, խանութները փակ են: Նաև դա կապված է չինական Նոր տարվա հետ, բայց արձակուրդները դպրոցներում, մանկապարտեզներում և, առհասարակ, բիզնեսներում երկարաձգվում են: Չգիտենք, թե երբ կվերադառնանք աշխատանքի: Պետությունը միջոցներ է ձեռնարկել` փակելով 18 քաղաքներ, որոնցից 13-ը գտնվում են հենց Հուբեյ նահանգում, որտեղ և սկսվել է համաճարակը: Փակ են բոլոր օդանավակայանները, գնացքի կայարանները և մայրուղիները… Փողոցներում բոլորը դիմակներով են: Մենք արդեն հինգ օր է, ինչ տնից դուրս չենք եկել: Փորձում ենք սնվել միայն փակ տուփերով սնունդով կամ բանջարեղենով`լավ եփված վիճակում»:
Դավիթ Առաքելյանը նշում է, որ բոլորը հիմնականում մեծ քանակությամբ են սնունդ գնում: Թարմ մթերք սուպերմարկետներում էլ չի վաճառվում` ներառյալ ծովամթերքը:
Քանի որ կորոնավիրուսով վարակման ու դրանով պայմանավորված մահացությունների դեպքերը գնալով աճում են , հարկ ենք համարում մեկ անգամ ևս հիշեցնել ՀՀ առողջապահության նախարարության հորդորը:
«Հիշեցնենք, որ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։ Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.
- միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
- եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա խուսափե´ք կամ բացառե՛ք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց,
- օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր,
- խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
- մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
- օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
- լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
- գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի,
- մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին: