Միկոյանի արձանի տեղադրել-չտեղադրելու հարցն անցյալ շաբաթվանից դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը, եթե ոչ ամենաքննարկվողը: Հասարակությունը մեծ հաշվով բաժանվել է «միկոյանականների» ու «հակամիկոյանականների»:
Ինչ խոսք, Միկոյանի արձանի տեղադրմանը դեմ արտահայտվող մարդիկ միանգամայն իրավացի են: Սակայն եթե հարցն ավելի խորությամբ դիտարկենք, պետք է որ հասկականք, որ սա իշխանությունների հերթական շախմատային կոմբինացիան է: 2008-ից հետո Սերժ Սարգսյանը գնում է մանր քայլերի ուղիովˋ Օտարալեզու դպրոցների բացման նախագիծ, Մաշտոցի պուրակ, տարբեր այգիներ, տրանսպորտի թանկացում, կենսաթոշակային ֆոնդ, հիմա էլ՝ Միկոյանի արձան: Նշածս դեպքերում հասարակության ակտիվ ու գիտակից հատվածը տեսնելով օրվա խնդիրը, մոռանում է իր երկարատև օրակարգըˋ ռեժիմի անհապաղ հեռացումը, և իր բոլոր ռեսուրսներն, ուզած թե չուզած, մսխում դիմադրական շարժման վրա: Իշխանությունները սեփական կյանքը երկարացնելու բանալին գտել ենˋ տարին մի քանի անգամ եռացող կաթսայի խուփը բացում են, մենք եռում ենք, ու հանգստանում: Կորցնում ենք ժամանակ, ռեսուրսներ, վարչական տույժեր ենք մուծում, դրանով տուժելով նաև ֆինանսապես:
Ստացվում է, որ Միկոյանի արձանի տեղադրումը «Շեղում» օպերացիայի շարքից է, և ունենալու է նույն ավարտը, ինչ մյուս դիմադրական շարժումները: Որևէ մեկը չի կասկածում, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը թքած ունի արժեքների վրա ու իրենից այն կողմ հեղինակություն չի տեսնում: Եթե այդպես չլիներ, դեռ վաղուց, Սերժ Սարգսյանն իր բազմամյա ղեկավար, արյունարբու Կևորկովի արձանը մի տեղ դրած կլիներ…
Արմեն Մկրտչյան