«Փետրվարի 3-ին մեկնարկելիք Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը ոչ իշխանական չորս ուժերը նիստի օրակարգ չեն մտցնելու։ Սույն որոշումն, ըստ էության, կայացված է։
Այդ մասին երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները։ Վարչապետին «իմպիչմենտ» հայտնելու գործընթացը հետաձգվում է, և չի բացառվում՝ անորոշ ժամանակով։
«Խորհրդարանական ոչ իշխանական չորս քաղաքական ուժերի շրջանում լրջորեն քննարկվում է ՌԴ-ի և ՀՀ-ի միջև կնքված գազային համաձայնագրերի քվեարկության վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու նպատակահարմարությունը։
Սույն ուժերի ներկայացուցիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ այս պահին ավելի գերիշխող է տեսակետը, որ չարժե նշված հարցով ՍԴ դիմել։ Այդ կերպ նրանք հաջորդ իշխանությունների համար հնարավորություն կստեղծեն խայտառակ այդ պրոցեսը հետ շրջել։ Հակառակ պարագայում, եթե երկրի դատական բարձրագույն ատյանը վերջնական որոշում է կայացնում՝ հայտարարելով, որ սկանդալային համաձայնագրերի քվեարկությունը օրինական է, էապես թուլանում է հետագայում հայ-ռուսական համաձայնագրերը վիճարկելու հնարավորությունը։ Դա է պատճառը, որ խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը, որ Աժ-ում համաձայնագրերի խայտառակ և անօրինական քվեարկությունից հետո շտապեցին հայտարարել, որ ՍԴ են դիմելու, այժմ հապաղում են։ Գազային համաձայնագրերի սահմանադրականությունը ՍԴ-ում չվիճարկելու որոշումը դեռ պաշտոնական չէ, բայց դատելով նույն ուժերի ներսում եղած տրամադրություններից, նրանք ի վերջո կհանգեն այս որոշման»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։