Այսօր ժամը 14.00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու «Դեմ ենք կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգին» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը: Հանրահավաքին մասնակցելու են նաեւ Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը, մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ, միություններ, ընդհուպ մինչեւ խոշոր ձեռնարկատիրական եւ արտադրական ընկերություններ: Վերջիններիս անունները չենք հրապարակում` այսօր առավոտից այս ընկերությունների մուտքերի մոտ ոստիկանական եւ ԱԱԾ-ական ուժեր չկենտրոնացնելու նպատակով: Ընդհանուր առմամբ, հանրահավաքը խոստանում է հետաքրքիր, բազմերանգ եւ բազմամարդ լինել: Թերեւս, իր տեսակի մեջ առաջինը մեր երկրում: Իհարկե, անցած մի քանի տարիների փորձը հուշում է խիստ զգուշավորությամբ վերաբերվել այսպիսի միջոցառումներին եւ դրանց վրա, ասենք, հնարավոր իշխանափոխության, առավելեւս հեղափոխության սցենարներ չկառուցել: Սակայն պարզվում է, որ սա պետական համակարգին չի վերաբերվում: Նրանք նույնպես զգուշավորությամբ են վերաբերվում այս հանրահավաքին, բայց հակառակ վեկտորով: Այսինքն, եթե ժողովուրդը զգույշ է եւ հանրահավաքից արագ արդյունք եւ փոփոխություն, էլ չենք խոսում, իշխանափոխություն չի ակնկալում, ապա պետական ապարատը հազար անգամ ավելի զգույշ է: Այն ամեն վայրկյան սպասում է իրավիճակի կտրուկ սրման՝ սրանից բխող բոլոր անկանխատեսելի հետեւանքներով: Միայն սրանով կարելի է բացատրել «ԿԳԲ»-շնիկական բազմապրոֆիլ գործողությունները, որոնք երեկ համատարած իրականացվում էին Երեւանում: Մի կողմից ոստիկանությունն իր ոճի մեջ անհանգստացնում էր հանրահավաքի նախաձեռնողներին եւ ընդհանրապես այս խնդրի հարցում ակտիվություն ցուցաբերած մարդկանց: Մյուս կողմից ինչ-որ մեկն առավոտից հիշել էր սովետական ԿԳԲ-ի մեթոդների մասին պատմող վավերագրական ֆիլմերը եւ հասարակական վայրերում ասեղներով մարդկանց ծակելու մասին հեքիաթներ էր պտտում: Մի կողմից էլ ԱԱԾ-ականները «սլեժկայի» տակ էին առել աչքի ընկնող քաղաքական գործիչներին, իսկ մյուս կողմից ինչ-որ մեկը խոսակցություն էր բացել Հայաստանի անունը փոխելու մասին: Եթե այս ամենին գումարենք ժողովրդի մոտ ամենավատ ասոցիացիաներ առաջացնող եւ գործող իշխանության երկվորյակը հանդիսացող պաշտոնյայի կողմից ժողովրդի դարդուցավից խոսելու եւ դրանք յուրովի պարպելու փորձերը, պատկերն ուղղակի կամբողջանա: Այնպես որ, այսօրվա հանրահավաքն իսկապես շատ հետաքրքիր է. ժողովուրդը հակված է չգերագնահատել դրա նշանակությունը, իշխանությունն աշխատում է չթերագնահատել:
Այս և այլ նորությունները «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում