Նախորդ օրը, հունվարի 16-ի երեկոյան Մոսկվայում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ ստորագրել է «Հայռուսգազարդի»` ՀՀ կառավարությանը պատկանող վերջին 20 տոկոս մասնաբաժինը «Գազպրոմին» հանձնելու մասին պայմանագիրը: Այս մասին երեկ հաղորդագրություն տարածեց «Գազպրոմի» լրատվական ծառայությունը: Սա այն տխրահռչակ պայմանագիրն է, որի շուրջ անցած տարվա դեկտեմբերին թեժ քննարկումներ եղան Ազգային Ժողովում, որի քվեարկությունն այդպես էլ չկայացավ: Ուշագրավ է, որ կառավարությունն այս պայմանագրին հավանություն է տվել հենց հունվարի 16-ի նիստում: Հենց այդ նիստում էլ կառավարությունը պայմանագիրը կնքելու լիազորություններ է տվել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին: Վերջինս այդ օրը Հայաստանում չի եղել եւ չի մասնակցել կառավարության նիստին: Նա արդեն Մոսկվայում էր: Իսկ ամենաուշագրավն այն է, որ կառավարության այդ որոշումը կարող էր օրինական ուժի մեջ մտնել միայն դրա հրապարակվելու դեպքում: Եւ ահա, նիստից անմիջապես հետո որոշումը տեղադրվեց կառավարության պաշտոնական կայքում, ինչը նշանակում է, որ այն պաշտոնապես հրապարակված է: Սովորաբար կառավարության նիստում կայացված որոշումները կայքում տեղադրվում են մի քանի օր, անգամ շաբաթներ անց: Եւ այն միակն է կառավարության հունվարի 16-ի նիստում կայացված որոշումներից: Ո՞րն էր այս հապճեպության պատճառը: Խնդիրն այն է, որ ըստ պայմանագրի, հայկական կողմն իր ունեցած 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին պետք է փոխանցեր մինչեւ հունվարի 17-ը: Փաստորեն, պայմանագիրը ստորագրվեց, կարելի է ասել, վերջին պահին: Սա էլ է հետաքրքիր: Պայմանագրի շուրջ քննարկումներն ԱԺ-ում ավարտվեցին անցած տարվա դեկտեմբերի 24-ին: Հենց այդ օրը ԱԺ-ում տեղի չունեցած քվեարկությամբ այն «վավերացվեց»: Եւ առնվազն տարօրինակ է, որ դրանից հետո կառավարությունն առնվազն երկու նիստ է արել, որի օրակարգում այս պայմանագիրը չի եղել: Եւ հունվարի 16-ին, երբ Արմեն Մովսիսյանն արդեն մեկնած է եղել Մոսկվա այդ պայմանագիրը Միլլերի հետ ստորագրելու, ՀՀ կառավարությունը Երեւանում հավանության է արժանացրել փաստաթուղթը: Ինչ խոսք, այս ամենի տակ ինչ-որ լուրջ ներքաղաքական կամ ներկառավարական ինտրիգներ փնտրելու կարիք չկա: Պարզապես ինքնին հետաքրքիր է, թե ինչ ճանապարհ անցավ ՀՀ ինքնաիշխանությունը կասկածի տակ դնող այս պայմանագիրը: Ինչ վերաբերում է վերջին օրով կառավարության կողմից հավանության արժանանալուն, ապա ամենեւին չի կարելի բացառել, որ Արմեն Մովսիսյանի` Մոսկվա մեկնելուց հետո են միայն հիշել, որ ըստ ՀՀ օրենսդրության այն պետք է թեկուզեւ ձեւականորեն պաշտոնապես հավանության արժանանա նաեւ ՀՀ կառավարության կողմից: Մեր կառավարությունից ամեն ինչ սպասելի է:
Նշենք նաեւ, որ պայմանագիրը երեկոյան ստորագրելու մասին տեղեկատվությունը տարածել է հենց «Գազպրոմի» լրատվական ծառայությունը: Եւ այն, որ հաղորդագրության մեջ հատուկ շեշտվել է «երեկոյան» բառը, կարող է կասկածներ առաջացնել, որ այն իրականում ստորագրվել է առավոտյան` մինչեւ ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես հավանության արժանանալը: Սա հենց այնպես` հետագայի համար: Երբ ժամանակը գա, եւ լրջորեն ուսումնասիրվի, թե ինչպես այս պայմանագիրն առանց քվեարկության «վավերացվեց» ԱԺ-ում, ձեռքի հետ էլ կուսումնասիրվի, թե ժամը քանիսին է այն ստորագրվել: Այդքանը բավարար կլինի պայմանագիրը չեղյալ համարելու համար: Ի դեպ, ըստ այդ նույն «Գազպրոմի» տարածած հաղորդագրության, «Հայռուսգազարդը» վերանվանվել է «Գազպրոմ-Արմենիա»-ի: «Արմենիան» այստեղ արդեն լրիվ թիթիզություն էր:
Մանրամասնները «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում