Նաիրի Հունանյանն ասելիք ունենար՝ կասեր էն ժամանակ։ Եթե հիմա ասելիք ունի, չգիտեմ, թե ինչ է ասելու։ Araratnews.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում ներկա եղած նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը։
«Ես դեպքից հետո դահլիճից շատ արագ դուրս եմ եկել։ Արդեն, որ բոլորը գետնին պառկած էին, ես հետևում էի նստած ու կողքի դռնից դուրս եմ եկել։ Մինչև ժամը 11-ը մեր ֆրակցիայի սենյակում եմ եղել, դահլիճի մանրամասները չեմ տեսել, միայն սկզբում եմ այնտեղ եղել»,- պատմեց Ազիզյանը, թե այդ օրը որտեղ է եղել։
Իսկ ինչի՞ հետ է կապված «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանի ակտիվացումը, գուցե ասելի՞ք ունի․
«Սա շատ լուրջ խնդիր է, և եթե Հունանյանն ասելիք ունի, թող ասի, բայց եթե չի ասել այն ժամանակ, հետաքրքիր է՝ հիմա ինչ է ասելու»,- պատասխանեց նախկին պատգամավորը։
Ազիզյանը չցանկացավ շատ խորամուխ լինել՝ պատճառաբանելով, որ չի կարող նուրբ հարցի մասին հստակ պատասխաններ հնչեցնել։
Իսկ արդյոք «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացման կարիք ունի, նա արձագանքեց․ «Երբ խոսում ենք վերաբացման մասին, կարող ենք ասել, որ այս հարցը հասարակության մեջ նստվածք է թողել, չի անցնում և չի կարող անցնել։ Եթե նորից վերաբացեն, ու հաստատվի, որ էն ժամանակ ճիշտ դատավարություն է եղել, ժողովրդի մեջ կփարատվեն կասկածները, հակառակ պարագայում ժողովրդի ճակատին խարանի նման դաջվելու է այդ դեպքը, քանի որ հասարակության մի ստվար զանգված չի հավատում նախկինում հնչած վարկածներին։
Ազիզյանը նշեց, որ ինքը գործով վկայի կարգավիճակ է ունեցել, մասնակցել է դատավարությանը, քննիչի մոտ եղել է 2-3 անգամ և ցուցմունք է տվել։