Այն ինչ տեղի կունենա Վիլնյուսում հավատ եւ հույս է ներշնչում, որպեսզի հասկանանք, որ հետագայում նույնպես կլինի համագործակցություն: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ-ի ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«Նախ չպետք է խնդիրը դիտարկել ձեռք բերել, կամ կորցնել: Այն իրավիճակը, որ ստեղծվեց սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի քաղաքական հայտարարությունից հետո, որոշ ընդդիմախոսներ եւ պիսիմիստներ նշեցին, որ վերջակետ է դնելու Եվրոպայի հետ բանակցային գործընթացին: Բայց մենք տեսանք, որ մեր եվրոպացի գործընկերները եւ մեզ հետ, եւ տարածաշրջանում շարունակում են բանակցային գործընթացները»,- ասում է Սահակյանը:
Նա նշում է, որ Եվրոպան եւ Հայաստանը մեծ աշխատանք են տարել եւ ապագայում նույնպես կկարողանան համագործակցել միմյանց հետ:
«Այն, ինչ տեղի կունենա Վիլնյուսում, կարծում եմ մեզ բոլորիս եւ հավատ, եւ հույս է ներշնչում, որպեսզի հասկանանք, որ հետագայում նույնպես կլինի համագործակցություն քաղաքական բաղադրիչի առումով: Այն փոփոխությունների, այն կառուցողական մոտեցումների առումով , որ իրականացրել ենք եւ իրականացնում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ»,- նշում է Սահակյանը:
Անդրադառնալով նաեւ դեկտեմբերի 2-ին կայանալիք Պուտին-Սարգսյան հանդիպմանը Երեւանում` Սահակյանը նշեց, որ այդ հանդիպումը կարելի է ակնկալել միայն դրական կողմի մեջ:
«Սեպտեմբերի 3-ին, ինչպես գիտենք քաղաքական հայտարարություն է արվել, որ մենք մտադիր ենք անդամակցել Մաքսային միությանը: Եւ ձեւավորվել են աշխատանքային խմբեր, որոնք աշխատում են այդ գործընթացի հետ կապված փաստաթղթային խնդիրները լուծելու համար: Եթե հաշվի առնենք սեպտեմբերի 3-ի հայտարարությունը 2 նախագահների կողմից, որ ապագայում ինֆրաստրուկտուրաները կբարելավվեն եւ երկաթուղու հետ կապված, եւ նոր ատոմակայանի կառուցման հետ կապված: Նմանատիպ շեշտադրումները, եթե մենք հիշում ենք, ապա ես կարծում եմ, որ այս այցով կարող է որոշակի հստակություն մտցվել»,- ասում է Սահակյանը:
Լիլիթ Առաքելյան