«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, ասել է.
«Այն ակտիվությունը, որը ցուցաբերում է այսօր երկրորդ նախագահը, կարծում եմ, իր հիմքում չունի արդարացման կամ ավելի լավը ասելու բարոյական իրավունքը: Որովհետև բոլոր այդ գործընթացները սկսվել էին երկրորդ նախագահի ժամանակ: Առավել ևս, մենք պետք է ընդգծենք, որ տնտեսական առումով, հենց երկրորդ նախագահն է մեզ դարձրել Ռուսաստանի կցորդ: Հիմա երբ Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունենում, նա ուրիշ կշիռ ունի, նա քաղաքագետ չէ: Ամեն անգամ գալիս է այդ նույն խնդիրը. արդյոք ինքը նորից գալիս է քաղաքական դաշտ»:
«Ես կարծում եմ, որ ավելի հարիր կլիներ հստակեցնել, որն է տարբերությունը իր ժամանակների ու այսօրվա: Այլ ոչ թե ուղղակի նշել այն, ինչը մենք ավելի մեծ բարոյական իրավունքով նշում ենք: Ես գիտեմ իր բոլոր ուժեղ կողմերը: Միշտ ափսոսացել եմ, որ մեր լավագույն քաղաքական ուժերը՝ լինի դա առաջին, երկրորդ թե երրորդ նախագահը, չեն դիմանում ամենապրիմիտիվ մեղքերի գայթակղությանը: Հստակ կարող ենք ասել, որ իրենք չեն իրականացրել այն խնդիրները, որոնք դրված են եղել իրենց առջև»,- եզրափակեց Լ. Ալավերդյանը: