Հաշվի առնելով ՀՀ պետական և ՏԻՄ մարմինների աշխատանքի թափանցիկության անհրաժեշտությունը, մենք հետամուտ ենք լինելու այդ մարմինների կողմից կայացված և հանրության կողմից լայն արձագանք ստացած որոշումների, կատարված ծախսերի վերաբերյալ հնարավորինս լայն ինֆորմացիայի ստացմանը: Ձեզ ենք ներկայացնում Araratnews.am-ի՝ Երևանի քաղաքապետարանի էլ. հասցեին ուղարկված հարցումը:
«Երևանի քաղաքապետ
պարոն Տարոն Մարգարյանին
ամսաթիվ 14.10.2013
Պարոն քաղաքապետ,
«Էրեբունի –Երևան 2795» տոնակատարությունները և դրանց համար նախատեսված ծախսերը հանրության շրջանում ոչ միանշանակ ընկալվեցին և բազմաթիվ քննարկումների ու տարակարծությունների տեղիք տվեցին:
Հետևաբար, ելնելով վերոշարադրյալից և հիմք ընդունելով «Տեղեկատվություն ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջները, խնդրում ենք օրենքով սահմանված ժամկետում մեզ տրամադրել հստակ և մանրամասն տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ.
1) Ո՞ւմ կողմից է նախագծվում, պլանավորվում նախատեսվող միջոցառումների ցանկը, և ով է հանդիսանում այդ ցանկի հաստատողն ու տոնակատարության անմիջական պատասխանատուն,
2) Ինչպե՞ս է իրականացվում միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների հաշվարկը,
3) Վերջնական տվյալներով որքա՞ն գումար է ծախսվել «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունների համար: Որքան գումար է ծախսվել յուրաքանչյուր առանձին միջոցառման և քաղաքի տոնական ձևավորման վրա:
4) Ծախսված գումարների որ մասն է տրամադրվել հովանավորների կողմից, և ինչքա՞ն է տրամադրել յուրաքանչյուր հովանավոր, որ մասը` քաղաքային բյուջեից:
Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում ենք տեղյակ պահել մերժման հիմքերիի մասին եւ հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, ում կարող ենք ուղղել հարցումը:
Araratnews.am-ի խմբագրակազմ»: