տուն Լուրեր Հարցաքննվեց քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալը, ով հաստատեց նախկին վերադասի դեմ ցուցմունքները

Հարցաքննվեց քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալը, ով հաստատեց նախկին վերադասի դեմ ցուցմունքները

161
0

arm1386677989912001-2006թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի գործով այսօրվա նիստում հարցաքննվեցին գործով երկու վկաներ, տեղեկացնում է Փաստինֆոն:

 

Նրանցից առանցքայինը հիշյալ վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանն էր, ով հաստատեց վկա Ռոբերտ Տոնոյանի ցուցմունքներն, ըստ որոնց՝ վերջինս գնացել էր Ռաֆայել Հովհաննիսյանի մոտ և հայտնել, որ Սամվել Հովհաննիսյանը ցանկանում է կազմակերպել դատապարտյալ Ջամալ Սլոյանի սպանությունը: Ռաֆայել Հովհաննիսյանն  սկզբնապես իր լսածն անհեթեթ է համարել ու չի հավատացել:  Ռ.Տոնոյանն էլ առաջարկել է ձայնագրել իր հետ Սամվել Հովհաննիսյանի խոսակցությունն ու ներկայացնել  Ռ.Հովհաննիսյանին, որպեսզի նա հավատա:

 

Շուրջ երկու ամիս անց  Ռ.Տոնոյանը բերել է Սամվել Հովհաննիսյանի, իր և «պրոֆեսոր» մականունով «հեղինակություն» Արթուր Խուրշուդյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Ռաֆայել Հովհաննիսյանը հայտնեց, որ ճանաչել է Սամվել Հովհաննիսյանի ձայնը. շուրջ 10 տարի ճանաչել է վերջինիս.  համատեղ աշխատել են, և Ռոբերտ Տոնոյանին խորհուրդ է տվել դիմել համապատասխան, այսինքն՝  իրավապահ  մարմիններին:

 

Վկա Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ իրենք օպերատիվ տեղեկատվություն ունեցել են, որ սպանության համար դատապարտված Ջամալ Սլոյանին վրեժխնդրությունից դրդված ուզում են սպանել: Վկան «շատ հնարավոր» համարեց, որ Ռոբերտ Տոնոյանի հետ խոսակցությունից հետո է, որ անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ դատապարտյալ Սլոյանը  «Գորիս» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:

 

Երկրորդ վկան եղբոր սպանության պատճառով «վրեժխնդրության շարժառիթով դրդված  անձ»-ի՝  Մրազ Շարոյանի ծանոթ կինն  էր, ով հանդիպումներ է ունեցել վերջինիս հետ: Մրազ Շարոյան, իմանալով իր առողջական խնդիրների մասին, իրեն գումարներ է փոխանցել, այդ թվում՝ Իրինա Կովալյովայի անունից:

 

Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, Ս.Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և շահադիտական դրդումներով, պատվերով՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով զուգորդված սպանության նախապատրաստության կազմակերպում, և  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն:

Նյութն ամբողջությամբ` «Փաստինֆո»— ում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here