Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգին: Նախագիծը ներկայացնող Արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ սա նոր ռազմավարությունն է, որը հնից տարբերվում է նրանով, որ նախատեսում է՝ միջազգային չափանիշների համապատասխան վերանայել կոռուպցիայի դեմ պայքարի միջոցները:
Հայեցակարգի հիման վրա երկամսյա ժամկետում մշակվելու է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր: Իսկ մինչև սույն թվականի հուլիսի 15-ը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քննարկմանն է ներկայացվելու հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որում, որպես հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման ոլորտներ՝ առաջարկված են հետևյալ չորս բնագավառները.
- կրթություն,
- առողջապահություն,
- պետական եկամուտների հավաքագրում,
- ոստիկանություն՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով:
Նիստը վարում էր փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։