Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ դեկտեմբերի 23-ին Ազգային Ժողովում հայ-ռուսական գազային պայմանագրերի քվեարկությանը միանշանակ ընթացակարգի խախտում է եղել:
Araratnews.am-ի հետ զրույցում իրավապաշտպանը նշում է, որ հաշվիչ հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ պետք է կատարեր քվեարկության տվյալների ամփոփում, հաստատում եւ եզրակացություն, որի հիման վրա միայն ԱԺ նախագահը կարող էր հրապարակել քվեարկության արդյունքները: Սակայն քվեարկության արդյունքների հաստատման թուղթը գոյություն չունի:
«Ազգային Ժողովի նախագահը իրավունք չունի կամայական թվեր հրապարակի, որովհետեւ, եթե ինքը սկզբից հրապարակում է 77 կողմ, ինչի՞ հիման վրա է այդ թիվը հրապարակում, կարող է այնտեղ 57-ն է եղել: Հաշվիչ հանձնաժողովի նախագահը ակնհայտ կեղծիք է ցույց տալիս, կամայական թիվ է հրապարակում: Այսինքն կարող էին ընդհանրապես չքվեարկել ու հրապարակել այդ թիվը: Սա կոպիտ բովանդակային խախտում է»,- ասում է Սաքունցը:
Այն հարցին, թե ի՞նչ ակընկալիքներ կարելի է ունենալˋ երեկ հաշվիչ հանձնաժողովի 4 ընդդիմադիր անդամների կողմից Սահմանդրական դատարան ներկայացված դիմումի մասով, Արթուր Սաքունցը նշեց, որ ծանոթ չէ դիմումում ներկայացված հիմնավորումներին եւ փաստարկներին:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները արտահերթ նիստում անվավեր ճանաչեցին հայ-ռուսական գազային համաձայնագրերի դեկտեմբերի 23-ի քվեարկությունը եւ դիմում ներկայացրեցին Սահմանադրական Դատարան:
«Քվեարկությունը, որպես այդպիսին, չես կարող համարել օրինական: Ես այս պահին միայն չեմ կարողանում հասկանալ, թե քվեարկության արդյունքների կեղծումը արդյոք կարո՞ղ է հանդիսանալ Սահմանադրական դատարանի քննարկման առարկա եւ նման կեղծիքի նկատմամբ բողոքը ո՞ր մարմինը կարող է քննել: Քանի որ կարող է լինել նաեւ այդպիսի կազուս: Ես մինչեւ չնայեմ դիմումը եւ իրենց ներկայացրած հիմնավորումները, հստակ չեմ կարող ասել»,-հավելում է Սաքունցը: