Պետությանն արտադրություն է պետք: Սա, կարծես, բոլոր չինովնիկները՝ վերից վար եւ իշխանության նոր եկածներով, գիտակցում են: Եվ վարչապետի հանդիպումն արտադրողների հետ դա է վկայում: Բայց երբ հենց այդ նույն արտադրողը, ներդրողը, արդյունաբերողը փորձում է գործ դնել, հայտնվում է չինովնիկների պատ-անտարբերության առաջ, եւ սա նույնպես համընդհանուր ճշմարտություն է:
20 ՄԼՆ-Ի ՏՈՒՐՔ «ԸՆԴԵՐՔՉՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ» ՀԱՄԱՐ
Չկա պետական մարմին, որին «Սիմոնա Ակվա» ընկերությունն իր խնդրով դիմած չլինի՝ էներգետիկայի նախարարություն, տարածքային կառավարում, կադաստր, ընդերքի տրամադրման գործակալություն, Արարատի մարզպետարան, կառավարություն, նախագահական: Այս վերջին ատյանում նրանց հարցով զբաղվող պաշտոնյան նույնիսկ զարմացել է՝ նման աբսուրդի դեռ չէին հանդիպել: Ինչպե՞ս կարելի է ունենալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու իրավունքները եւ չկարողանալ գործունեություն սկսել: Դեռ մի բան էլ պետությանն այս 4 տարում պարտաճանաչ վճարելով 20 մլն դրամ՝ չբացված հանքի համար: Գործարար Տիգրան Բարսեղյանը ներդրում է կատարում Հայաստանում: Նրա «Սիմոնա Ակվա» ընկերությունը 2010 թվականին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից Արարատի Դաշտաքար գյուղի տարածքում գտնվող հորատանցքից հանքային ջուր արդյունահանելու լիցենզիա է ստացել: Բայց Դաշտաքարի գյուղապետը հրաժարվել է հորատանցքի շահագործման համար սանիտարական գոտի տրամադրել, ասելով, որ դրա համար անհրաժեշտ 220 քմ տարածքը մարզպետարանը դեռեւս 2007 թվականին տվել է հանքային ջրերի արտադրությամբ զբաղվող մեկ այլ շատ հայտնի ընկերության՝ «Արարատ գրուպի»-ն, գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար: Եվ սկսվել է «Սիմոնա Ակվա»-ի վազքը փակ շրջանակով՝ չինովնիկից չինովնիկ:
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՆ ՕԳՆՈՒ՞Մ Է, ԹԵ՞ ԽԱՆԳԱՐՈՒՄ
«Փաստորեն, մի ձեռքով մեզ հողօգտագործման իրավունք տալով, պետությունը մյուս ձեռքով արգելակում է մեր գործունեությունը,- ասում է ընկերության տնօրեն Քարիզա Բաղդասարյանը,- մենք ամեն տեղ, խոսակցությունների մեջ լսում էինք, որ այդ պետական պաշտոնյաների վրա ճնշում է գործադրվում: Նախագահականի մի աշխատակցի անուն էր հնչում»: Նախագահին ուղարկած բողոքում այսպես էլ գրված է. ««Սիմոնա Ակվա» ընկերության նկատմամբ իրականացվող ապօրինություններն ուղղակիորեն հովանավորվում եւ խրախուսվում են ՀՀ նախագահի աշխատակազմի որոշ պաշտոնատար անձանց կողմից, ովքեր, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, խթանում են երկրում կոռուպցիոն երեւույթների աճին»: Բայց բողոքները, քննարկումները, հանդիպումները արդյունք չեն տալիս: Ընկերությունը վնասներ է կրել եւ, ի վերջո, դատարան է մտել ու հաղթել: Դատական ակտով գյուղապետը պարտավորեցվել է տրամադրել ընկերությանը այդ չարաբաստիկ քառակուսի մետրերը: Սակայն մրցակիցը՝ «Արարատ գրուպ»-ը, դիմել է վերադաս ատյաններ: Վերաքննիչն առաջին ատյանի որոշումը թողել է անփոփոխ, իսկ վճռաբեկն ընդունել է բողոքը, եւ նոր արտադրության հարցը կրկին մնացել է օդում: «Մենք լսել ենք, որ կրկին անհարկի միջամտություն կա դատարանի վրա: Բա մարդ օրենքի սահմաններում ամեն ինչ անի, համբերատար ամեն տարի էսքան գումար տա պետությանը, այսքան վնասներ կրի եւ հայտնվի կոտրած տաշտակի առա՞ջ»,- վրդովվում է «Սիմոնա Ակվա»-ի տնօրենը: Իսկ մրցակցի՝ «Արարատ գրուպ»-ի տնօրեն Արմեն Մկրտչյանն ասաց, որ որեւէ խնդիր իրենք չունեն «Սիմոնա Ակվա»-ի հետ, որ վերջինս իրենց չի դիմել, այլ դիմել է դատարան՝ ընդդեմ գյուղապետարանի, իսկ իրենք երրորդ կողմ են, որն իր իրավունքը խախտված է տեսնում:
ՀՈՐԱՏԱՆՑՔԸ ԲՆԱԿԱՐԱՆ ՉԷ
«Պարզ է, որ այստեղ պետական մարմինների սխալն է,- ասաց Արմեն Մկրտչյանը։- Ասենք, ջրմուղը ձեր բնակարանում ձեզ ծորակից ջուր է հատկացնում ու կողքի հարեւանին էլ իրավունք է տալիս ձեր տան ծորակից օգտվելու: Այսինքն, այդ հարեւանը պետք է ամեն անգամ ձեր միջանցքով, ճաշասենյակով անցնի, որ հասնի ծորակին, իսկ եթե չթողնես, ասի՝ գիտե՞ս, սա պետական ջուր է, ես վճարել եմ եւ պետք է գամ վերցնեմ: Կլինի՞ այդպես: Հիմա մեր մեղքն ինչո՞ւմ է: Սխալն այնքանով է, որ հորատանցքի տարածքը եթե տրամադրել են մի կազմակերպության, մյուսին էլ չպետք է տրամադրեն, որովհետեւ այն արդեն ինչ-որ մեկին տրամադրված է»: «Համեմատությունը տեղին չէ,- հակադարձում են էներգետիկայի նախարարության ընդերքի տրամադրման գործակալությունից։- Սանիտարական գոտին տնտեսվարողի համար չէ, հորատանցքից դուրս եկող խողովակի համար է, որպեսզի այն չաղտոտվի, պահպանվի, եւ դա չի նշանակում, որ եթե մեկը ստացել է իրավունք եւ ունի սանիտարական գոտի, մյուսը չպետք է մտնի այնտեղ: Դա մեկի բնակարանը կամ հողատարածքը չէ: Մեկից ավելի օգտվողներ կարող են լինել: Հորատանցք կարող է լինել, որից, ենթադրենք, վայրկյանում 5 լիտր ջուր է դուրս գալիս, բայց մի օգտագործողը վերցնում է, ասենք, 0,6 լիտր: Հիմա մնացած ջուրը պետք է հոսի գնա՞, ինչ է էս մեկն օգտագործի իր 0,6 լիտրը: Սա պետության սեփականությունն է, հո մենք չպե՞տք է թողենք, որ կորի: Բայց մեր լիազորություններն ավարտվում են ընդերքօգտագործման իրավունք տրամադրելով: Մնացածը գյուղապետարանի, մարզպետարանի գործն է»:
ԵՍ ՀԵՌՈՒ ԵՄ ՄՆՈՒՄ ԹԵՐԹԵՐԻՑ
Արարատի մարզպետարանի հողօգտագործման բաժնի պետ Արտավազդ Օրդոյանն էլ սկզբում խորհուրդ տվեց դիմել գյուղապետարան, հետո էլ բացատրեց, թե մարզպետարանը հայտնվել է երկու ընկերությունների բիզնես-շահերի արանքում: «Մենք առաջարկել ենք «Արարատ գրուպ»-ին 220 քմ հողամաս տալ նրանց: Մարզկենտրոնում նույնիսկ քննարկում ենք արել: Դրա եղածն ի՞նչ է ձեր ունեցած 70 հազար քմ-ի մեջ: Մարդն ամեն տարի ընդերքի օգտագործման գումար է վճարում, եւ ինչո՞ւ պետք է այդ 200 քմ-ն չտաք: Մեզ պատասխանեցին, որ չեն տալու: Ստիպված՝ մենք առաջարկել ենք «Սիմոնա Ակվա»-ին մտնել դատարան: Էլ ի՞նչ անեինք»: Վճռաբեկ դատարանի վրա նախագահականից ճնշման մասին լուրերը նա ժխտեց. «Ոչ մի միջամտության մասին չի կարող խոսք լինել: Եթե ճնշում լիներ, առաջին, երկրորդ ատյաններում «Սիմոնա Ակվա»-ն չէր հաղթի»: Մեր պրպտումներում հասանք նաեւ ստորին օղակին՝ Դաշտաքարի գյուղապետ Նորիկ Մալխասյանին, որի ստորագրությունից է կախված հարցի լուծումը: Նա, ինչպես ինքն է ասում, Նիկոլայի ժամանակից գյուղապետ է, «բայց Չերչիլի հետ էլ չի սիրում տարաձայնություններ ունենալ»: «Ես ընդհանրապես կյանքի մարդ եմ: Գիտեմ որը որից հետո է: Սխալներ էլ համարյա թույլ չեմ տալիս: 91-ի վերջից մինչ այսօր գյուղապետ եմ: Ձեզ որ տեսնեմ, կարող է շատ սիրեմ ու հարգեմ, բայց թերթ չեմ սիրում: Ես հեռու եմ մնում թերթերից: Ավելորդ բաներից: Моя хата с краю. ճիշտն ասած, այդտեղ կան բաներ, որ պետք է չլինեին, բայց, քանի որ հիմա դատական պրոցես է գնում, դատարանը թող որոշի: Իսկ ձեզ օգնելու համար մարզպետարանից պետք է պարզաբանումներ ստանաք»,- ասաց նա կաշառող անկեղծությամբ:
— Ինչպե՞ս է եղել, որ նույն տարածքը երկու տարբեր ընկերությունների է տրվել:
— Եղել է, էլի, ինչու տենց բան չի՞ լինում այս երկրում: 2007-ին այդ տարածքները մարզպետարանը վարձակալությամբ տվել է «Արարատ գրուպ»-ին, իսկ համայնքներին դրանք տրամադրել են 2010 թվականին, իսկ այդ պայմանագիրը եղել է ավելի շուտ:
Մանրամասները hraparak.am-ում: