տուն Քաղաքական Հայաստան Հանրային պաշտպանի գրասենյակի հաստիքներն ավելանում են. Արթուր Հովհաննիսյան

Հանրային պաշտպանի գրասենյակի հաստիքներն ավելանում են. Արթուր Հովհաննիսյան

244
0
Արթուր Հովհաննիսյան

Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը:

Օրակարգում ընդգրկված է 27 հարց, որոնց շարքում են՝

  • ՀՀ Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց,
  • «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույց,
  • Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգելու մասին,
  • «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին,
  • «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին,
  • «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
  • «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
  • Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին:

ԱԺ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր ելույթում մասնավորապես նշեց.

«Նախագիծը մանրամասն քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում: Այո, խոսքը Հանրային պաշտպանի գրասենյակին լրացուցիչ ֆինանսներ տրամադրելու մասին է: Պետք է ֆիքսենք, որ Հանրային պաշտպանի գրասենյակն այսօր ծանրաբեռնված է, և հենց դրա համար ամեն տարի Հանրային պաշտպանի գրասենյակի հաստիքներն ավելանում են և հետևաբար՝ նաև այդ հաստիքների համար տված գումարը: Լրացուցիչ 30 տոկոս գումար է տրամադրվում, որը բաշխվում է հանրային պաշտպանների վրա: Նախագծով, փաստորեն, առաջարկվում է ևս տասը տոկոս լրացուցիչ գումար տրամադրել, որը պետք է ծախսվի տեղաշարժման, հեռախոսազանգերի և այլ կողմնակի ծախսերի վրա, սակայն այս պահին չկա որևէ ֆիքսված գումար, որ մենք ասենք՝ իքս գումարով կարող են վերը նշված ծախսերը ծածկվեն, հետևաբար՝ մենք ունենք գումար, որը մեծ հաշվով հիմնավորված չէ, և մենք չենք կարող չհիմնավորված գումար պետբյուջեից տրամադրել Հանրային պաշտպանին՝ անգամ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այո՝ մենք խոստովանում ենք, որ Հանրային պաշտպանի գրասենյակը ծանրաբեռնված է, բայց մենք կարծում ենք, որ այս ինստիտուտի հարցը պետք է լուծենք այլ մեթոդով և ոչ թե տվյալ նախագծով: Կար մի նախագիծ, որ հետո հեղինակները հետ քաշեցին, որը վերաբերում էր աշխատանքային պայմանագրերին, որ ամեն տարի Հանրային պաշտպանների հետ կնքվի աշխատանքային պայմանագիր, սակայն մենք գիտենք, որ երկրորդ անգամ պայմանագիրը կնքելու դեպքում այն արդեն պետք է անորոշ ժամկետով կնքել, հետևաբար՝ մենք արդեն Հանրային պաշտպանի գրասենյակին առաջարկում ենք լուծել նաև այս խնդիրը ներքին կանոնակարգերով, որպեսզի աշխատանքային օրենսգրքին հակասող որևէ կետ չլինի»: