Աժ նիստում, խոսելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն մտցնելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Գովազդային փաթեթները, որ այսօր մենք քննարկում ենք, և որոնք ներկայացվում են որպես տարբեր հեղինակների տարբեր նախաձեռնություններ, իրականում մեկ փաթեթի մաս են կազմում: Այդ փաթեթով լուծվում է շատ կոնկրետ խնդիր՝ առնվազն մեկուկես մլրդ դրամի հավելյալ գումար է ուղղվում Միքայել Մինասյանի պատկանող մեդիա կայսրությունը ֆինանսավորելու համար: Առավոտյան քննարկված այս օրենքով մեկ միլիարդ դրամի գովազդային պոտենցիալ շուկա է առաջանում, որն առաջանում է օղու գովազդի արգելքը հանելու արդյունքում: Հայաստանի հեռուստագովազդի շուկայից պատկերացում ունեցող ցանկացած մեկը կարող է ասել, որ այդ գումարը բաժանվում է հետո «Արմենիա», Հանրային, «Շանթ» հեռուստաընկերությունների միջև: Իսկ մնացած հեռուստաընկերությունները շանս չունեն էդ գումարից կտոր տանելու: Ստացվում է , որ այս օրենքով այս գովազդային շուկայից հանում ենք Հանրայինին: Ստացվում է, որ այդ գումարների 90 տոկոսը բաշխվելու է «Շանթ» ու «Արմենիա» հեռուստաընկերությունների միջև և բացի այդ տարեկան մոտ 690 մլն դրամը, որ այսօր մտնում է Հանրային հեռուստաընկերություն գովազդի տեսքով, այդ գումարը ևս բաշխվելու է այդ երկու հեռուստաընկերությունների միջև»:
Իսկ «Արմենիա» հեռուստաընկերությունը, ինչպես նշում է պատգամավորը, պատկանում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին:
«Վերջին տարիներին առնվազն մի քանի հրապարակումներ են եղել, որ Միքայել Մինասյանը փայ ունի նաև «Շանթ» հեռուստաընկերությունում»,- ասում է նա:
«Այո, այստեղ կա դավադրություն, և այդ դավադրության թիրախը դե յուրե Հայաստանի հանրապետությանը պատկանող Հանրային հեռուստաընկերությունը: Վերջին տարիներին հետևողական ամեն ինչ արվում է Հանրային հեռուստաընկերությունը կոմունիկացիայի առաջնային օղակից դուրս մղելու համար: Տեսնում ենք, որ Հանրայինի սիրված դեմքերը հեռանում են «Արմենիա»: Ինչո՞ւ է սա իրականացվում: Որովհետև ընտրությունների ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը ունի կոնկրետ գործառույթներ: ընտրությունների ժամանակ նա պարտավոր է էս իշխանության հակառակորդներին տրամադրել գովազդային րոպեներ: Ամեն անգամ այդ գովազդային րոպեները դրվում են այն ժամանակին, երբ մարդիկ աշխատանքից գնում են տուն և չեն կարող դիտել: Հիմա խնդիր է դրված, որ այդ հեռուստաընկերության ռեյտինգը էնքան քցեն, հասցնեն, կներեք, պլինդուսի մակարդակին, որպեսզի ընդդիմությունը որ ժամին ինչ ուզենա ասի, դա նայող էլ չլինի: Բոլորը համարեն, որ դա երրորդ սորտի ալիք է»,- եզրափակեց Փաշինյանը: