Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիան հայտարարել է 2020 թվականի «Օսկարի» թեկնածուներին։ Պարգեւների հանձնման արարողությունը կկայանա փետրվարի 9-ին։
«Լավագույն հարմարեցված սցենար» մրցանակի համար ներկայացված է հայկական արմատներով ամերիկյան սցենարիստ եւ ռեժիսոր Սթիվեն Զաիլյանը, որը «Իռլանդացին» ֆիլմի սցենարի հեղինակն է։ Ֆիլմը առաջադրվել է մի քանի անվանակարգում՝ այդ թվում որպես լավագույն ֆիլմ։
Զաիլյանի սցենարով Մարտին Սկորսեզեի նկարահանած «Իռլանդացին» քրեական դրաման պատմում է ծերանոցում ապրող մի ծերունու մասին, ով երիտասարդ տարիքում 1950-ականներին դառնում է քրեական հեղինակություն՝ «Իռլանդացի» մականունով։ Ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ Դե Նիրոն, Ալ Պաչինոն եւ այլոք։
Սթիվեն Զաիլյանա արդեն «Ոսկե գլոբուսի» եւ այլ հեղինակավոր պարգեւների դափնեկիր է, որոնց արժանացել է Սփիլբերգի հանրահայտ՝ «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար։
Զաիլյանը ծնվել է Ֆրեզնոյում, Կալիֆորնիա: Նրա հայրը՝ Ջիմ Զաիլյանը, եղել է ռադիոլրագրող: Ավարտել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանը (1975):
Հեղինակ է «Բազեն և Ձնեմարդը» (1985), «Արթնացումներ» (1990), «Փնտրել Բոբի Ֆիշերին» (1993, նաև՝ ռեժիսոր), «Շինդլերի ցուցակը» (1994), «Անհնարին առաքելություն» (1996, նաև՝ ռեժիսոր), «Հաննիբալ» (2001), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002), «Թարգմանիչը» (2005), «Թագավորի ողջ թիկնազորը» (2006) և այլ ֆիլմերի սցենարների։
Նա երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Արթնացումներ» (1990), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002) և «Moneyball» (2006) ֆիլմերի սցենարների համար։