Կառավարության այսօրվա նիստից հետո ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև հայագիտական առարկաների հետ կապված վերջին շրջանում եղած դժգոհություններին:
«Բոլոր շահարկումները որևէ աղերս չունեն մեր մշակած ու իրականացվող ծրագրերի և մեր օրակարգում եղած բարեփոխումների հետ»,- հայտարարել է նախարարը: Նրա պնդմամբ, հայագիտական առարկաների ուժեղացումն ու ուսումնասիրումը առաջնահերթություն է։
«Հայ ինքնության հետ կապված հարցերը շատ կոնկրետ դրված են առարկայական չափորոշիչների վերանայման հիմքում և համարվում են առաջնահերթություն»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը:
Բացի այդ, գերատեսչության ղեկավարի խոսքով, գալիք տարվա բյուջեում զգալիորեն ավելացել են արտերկրի հայագիտական կենտրոններում իրականացվող ծրագրերին հատկացվող միջոցները։ Զուգահեռաբար, նախատեսվում են հայագիտական նոր ծրագրերի իրականացում և դպրոցներում հայագիտական առարկաների ուժեղացում։